«Չեմ ուզում որևէ մեկը մեզ խղճա»․Արցախից բռնի տեղահանված Մարիաննան վստահ է՝ իր երիտասարդ ընտանիքի հետ ամեն դժվարություն կհաղթահարի
Արցախը ոչ մի վայրկյան գլխներից դուրս չի գալիս, Մարիաննան ասում է՝ ապրում ենք այն մտքով, որ մի օր վերադառնալու ենք մեր ծննդավայր
«Շատ դժվար օրեր ենք ապրել, միակ բանը, որ կարող էինք անել`աղոթելն էր»․ Մարիաննա Բաբաջանյանը հիշում է Արցախի շրջափակման օրերն ու ամիսները։
Ամուսնանալուց հետո տեղափոխվել են Ստեփանակերտ, 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց։ Ասում է՝ ադրբեջանցիները գրավել էին իրենց գյուղը՝ Մոխշմահատը (Ասկերանի շրջան), որտեղ հարս էր գնացել։
Ստեփանակերտում երիտասարդ ընտանիքը հազիվ սկսել էր տուն-տեղ ստեղծել, մեկ էլ սկսվեց Արցախի շրջափակումը։
25-ամյա երիտասարդ կնոջ հիշողություններում 2 պատերազմ կար, գումարվեց նաև բլոկադան։ Ասում է՝ տնտեսած սնունդ ունեին, որը չէր հերիքի 9 ամիս աշխարհից կտրված ապրելու համար։
«Ամենդաժանն այն է, երբ 2 տարեկան աղջիկս մի բանն էր ուզում, ստիպված ասում էինք՝ չկա»,-REGIONSTV-ի հետ զրույցում պատմում է Մարիաննան։
Ասում է՝ փոքրիկի ամենասիրելի ուտելիքը կաթնամթերքն է, մի քանի ամիս չի կերել, որովհետև խանութները դատարկ էին։
«Մեր տատիկը դիաբետ ունի, ապրում է դեղերով, բայց դրանք էլ էին վերջացել, չգիտեի՝ ինչ անել»,-պատմում է Մարիաննան, ու հիշում՝ մարդիկ փոխանակումով էին առևտուր անում, օրինակ` 4 կգ կարտոֆիլի փոխարեն, որի 1 կիլոգրամը 1750 դրամ էր, առաջարկում էին խտացրած կաթ, զուգարանի թուղթը փոխանակում էին շաքարավազով, լվացքի փոշին՝ ամանի հեղուկով։
Արդեն խոհարարական հնարամտությունների էին դիմում ինչ-որ բանի պակասը լրացնելու համար, օրինակ`սուրճը պատրաստում էին սիսեռով, ավելի ճիշտ՝ սուրճը փոխարինել էին սիսեռով․«Համացանցում էի տեսել, թե ինչպես էին 90-ականներին սուրճ եփում։ Ես էլ սկսեցի պատրաստել։ Սիսեռը բովում էինք, աղում ու դա իբրև սուրճ խմում։ Ի՞նչ անեինք, ուրիշ բան չկար։ Իհարկե, կուզեի այնքան լիներ, որ բոլորին բաժանեի»։
Հիշում է՝ Արցախում հացը կտրոնով էր, հացի համար մեծ հերթեր էին գոյանում։
Երբեմն քաղցը մարդու մեջ բթացնում է ապրումակցումն ու կարեկցանքը։
«Հացի հերթ էր, մի զինվորական հաց էր խնդրում, կտրոնը տանն էր մոռացել, ասում էր`մի բան ուտեմ, որ նորից գնամ սահմանը պաշտպանեմ, ոչ ոք դրական արձագանք չտվեց։ Ես մեր 4 հոգանոց ընտանիքի համար նախատեսված 2 հացից 1-ը սիրով տվեցի իրեն»,-պատում է Մարիաննան։
Մասնագիտությամբ դիմահարդար է, այդ օրերին Մարիաննան աշխատանք չուներ, մարդիկ գնալու տեղ չունեին։
Նույնիսկ այդ ծանր օրերին, Մարիաննան համոզված էր, որ ոչ մի դեպքում չի լքի Արցախը, եթե անգամ շրջափակումն ինչ-որ ձևով «ճեղքելու» հնարավորություն էլ լիներ։
«Հայրս վարորդ է, մինչ բլոկադան եկել էր Հայաստան ու այլևս չէր կարողացել վերադառնալ, բայց ինչքան էլ դժվար ժամանակներ էին, վստահ էինք, որ մենք չենք լքի մեր ծննդավայրը, վստահ ասում էինք՝ եթե ապրելու ենք, ապա միասին մնանք այստեղ, եթե մեռնելու ենք` նորից բոլորով»,-ասում է Մարիաննան։
Մարիաննան ասում է՝ ամենավատ բանը, որ երբևէ տեսել ու զգացել է օդային տագնապի ժամանակ, երեխային գրկել ու ապաստարան վազելն էր, ու չգիտես՝ տեղ կհասնե՞ս, թե՞ ոչ. «Հարևան շենքի նկուղում երեխաների անդադար լացի ձայներն էին ու ուժեղ մայրիկների՝ փոքրիկներին հանգստացնող փորձերը»։
Ամուսինը զինվորական էր, դիրքերում էր, երբ 2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը հրետակոծում էր ամբողջ Արցախը։
Մեկ օր անց արդեն պարզ էր՝ արցախցիները բռնի տեղահանվում են։
Գիտակցելով, որ ամենակարևորը մարդկային կյանքն է, ամուսինները սեպտեմբերի 25-ին դուրս եկան Արցախից:
Արցախից Հայաստան ճանապարհն էլ ծանր էր և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես։
Ժամեր, օրեր են տևել մինչև Հայաստան են հասել, հարյուր հազարավոր արցախցիներ գաղթի ճամփին։
«Շուշի քաղաքի մուտքի մոտ ադրբեջանցիները լապտերների լույս ուղղում էին հայկական մեքենաների վրա, հետո լույս գցում մարդկանց վրա ու ծաղրում, ծիծաղում»,- ցավով հիշում է Մարիաննան։ Հիշում է՝ անընդհատ աղոթում էր, իր կյանքի ամենածար օրն էր։
«Հակարիի կամրջի մոտ հսկողություն իրականացնող ադրբեջանցիները արհամարհանքով բացում էին մեքենաների դռները, զննում ժամերով սպասեցնել տալիս»,-պատմում է Մարիաննան ու հիշում՝ բռնի տեղահանվածների հետևից գոռում էին՝ շուտով կհասնենք «Իրևվան»։
Այժմ Մարիաննան ամուսնու և երեխայի հետ Կոտայքի մարզի Քնաքեռավան գյուղում է ապրում՝ վարձով:
Հիմա Մարիաննան բլոգինգով է զբաղվում, իսկ ամուսինը ՀՀ զինված ուժերում է աշխատում՝ չնայած որ Արցախում ծառայության ժամանակ վիրավորում էր ստացել։
«Մեր բնականոն կյանքի ռիթմը ամբողջությամբ դեռևս հնարավոր չէ վերականգնել, բայց երիտասարդների դեպքում հավանականությունը ավելի մեծ է: Կաշխատենք, կստեղծենք, իսկ ավելի մեծերի դեպքում նորից ոտքի կանգնելը, աշխատանք գտնելը, կարծում եմ, բարդ է»,-ասում է Մարիաննան: Իր հայրիկի օրինակն է բերում՝ Արցախում 25 տարի ծառայել է, մեղուների փեթակ ունեցել, մեղր վաճառել, բայց հիմա Հայաստանում ստիպված տաքսու վարորդ է աշխատում:
Հոգեբանական ծանր փուլով է անցնում Մարիաննան: Սթրեսի հետևանքով առողջական խնդիրներ ունի, բուժում է ստանում, բայց լավատեսությունը միշտ առաջնային է համարում:
Մարիաննան ասում է՝ Արցախը ոչ մի վայրկյան գլխներից դուրս չի գալիս, ապրում են այն մտքով, որ մի օր վերադառնալու են ծննդավայր․«Բայց ամեն օր համացանցում տեսնել, թե ինչպես են քո տուն-տեղը քանդում, փոփոխում, ոչնչացնում անտանելի է»։
Այդուհանդերձ, հույսը չեն կորցնում ասում է՝ եթե թշնամին այնտեղ չլինի, առանց մտածելու ու առանց վախի հետ կգնան:
«Չեմ ուզում որևէ մեկը մեզ խղճա, որովհետև աշխատող մարդը աշխատելու է, ստեղծողը՝ ստեղծելու, որտեղ էլ լինի»-լավատեսությամբ ասում է Մարիաննան:
Սյուզաննա Խառատյան