«Ցավի վրա հիմնված բիզնես է»․Վարդուհին գյուղի կնոջ առօրյա գործը վերածել է լուրջ բիզնեսի
Գլխավոր լուսանկարը՝ Վարդուհու Ֆեյսբուքյան էջից
31-ամյա Վարդուհու բիզնեսը՝ հավաբուծությունը, թեև դեռ փոքր է, բայց առաջիկայում ոլորտում նորամուծություն է բերելու, ոչ դյուրին այս գործի հետ երիտասարդ կինը իր համայնքի համար էլ օգտակար ծրագրեր է իրականացնում
Ամուսնալուծությունից հետո կյանքը չի ավարտվում, դեռ մի բան էլ նոր, ավելի լավ կյանք սկսելու առիթ է դառնում։
31-ամյա Վարդուհի Ցոլակյանն իր բիզնեսը սկսել է ամուսնալուծությունից հետո։
Երեք երեխաների մայրը հավաբուծությամբ է զբաղվում։ Շատերը գուցե մտածեն, թե՝ է, հավ է, ինչ դժվար գործ է, գյուղում բնակվող յուրաքանչյուր կին կարող է հավաբուծությամբ զբաղվել։ Բայց մի բան է հավ պահել սեփական կարիքների համար, մեկ այլ բան դա շահավետ բիզնեսի վերածելը։
Շիրակի մարզի Գետք համայնքում Վարդուհին ստեղծեց իր բիզնեսը։ Թե ինչու երիտասարդ կինը որոշեց հենց հավաբուծությամբ զբաղվել, REGIONSTV-ի հետ զրույցում պատմում է՝ մինչ ամուսնալուծությունը մի քանի հավիկներ ուներ, իր սիրելի «թռչուններին» կորցրել է ամուսնալուծությունից հետո։
Մեկ տարի անց նրան հնարավորություն է ընձեռվում հավեր ձեռք բերել:
«Հավաբուծությունը ցավի վրա հիմնված բիզնես է», -ասում է Վարդուհին:
Նա մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց տնտեսական հզորացման ծրագրերից մեկին, բիզնես-գաղափար ներկայացնում, դրամաշնորհ ստանում ու սկսում սեփական բիզնեսը:
Վարդուհին պատմում է, որ սկզբում ձեռք է բերել «Լոման» ցեղատեսակի 50 և երևանյան կարմիր տեսակի 20 հավ: Ու սկսվում է հավաբույծ Վարդուհու բիզնես-ճանապարհը:
Ասում է՝ «Լոման»-ներն ավելի զգայուն և խնամք պահանջող ցեղատեսակ են, մյուսներն իրենց տարածաշրջանի՝ Գետքի պայմաններին ավելի արագ են հարմարվել: «Լոման» տեսակի հավիկներն, ինչպես ասում է Վարդուհին, շատ նուրբ են, զգայուն, սկզբում հավերից երեքը սատկել են, չեն հարմարվել եղանակային պայմաններին: Երևանյան կարմիր ցեղատեսակի աքլորներից մի քանիսն էլ վաճառել է որպես մսամթերք, այդ գումարն էլ ներդրել է էլի գործի մեջ։ Ավելի կոնկրետ՝ համակարգիչ է գնել, դա անհրաժեշտ էր աշխատանքը կազմակերպելու, կրթվելու համար։ Եղած փոքր եկամուտն էլ կրկին ներդնում է բիզնեսի մեջ, նաև՝ իր հմտությունները կրթվելու միջոցով զարգացնելու մեջ։
Վարդուհին ասում է՝ հավաբուծությունը յուրահատուկ մասնագիտություն չէ, գյուղում գրեթե բոլորն էլ ունեն հավեր, սակայն իրեն հաջողվել է ավելի հետաքրքիր մոտեցումներով այս գործով զբաղվել։
«Որքան էլ այս ոլորտում աշխատանքի ծավալներն, ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում, ավելի քիչ են, բայց, միևնույն է, աշխատանք ես տանում, գումար ես ներդնում, ձգտում ես ներկայացնել որակյալ աշխատանք՝ բարձր գնով: Գյուղական պայմաններում սա հնարավորություն է փոքրի վրա հմտանալու և ունեցածդ ֆինանսը կառավարելու համար»,-ասում է Վարդուհին:
Շատ դժվարություններ է հաղթահարել, մանավանդ նոր ու փոքր բիզնեսի դեպքում դրանք անխուսափելի են, ասում է՝ հաղթահարել է ու մինչ օրս էլ հաղթահարում է խոչընդոտները։
«Որպես միկրոձեռնարկատեր, դեռ ոտքի չկանգնած՝ շատ գումար ես ծախսում՝ հաշվապահության, պետռեգիստրի վճարներ, դրանք գուցե շատ մեծ վճարներ չեն, սակայն փոքր բիզնեսի համար բավականին մեծ ծախս է։ Մինչդեռ այդ գումարները կարելի էր ծախսել ինձ համար հավերի նոր խմբաքանակ գնելու համար»,- մտահոգվում է Վարդուհին:
Այս ամենը, սակայն, մյուս կողմից էլ փորձառություն է համարում հետագա ավելի մեծ բիզնեսի դեպքում ամեն ինչ ավելի ճիշտ պլանավորելու համար:
Գործը գլուխ բերելու հարցում Վարդուհուն օգնում են քույրերը, եղբայրները, հայրը, նույնիսկ՝ երեխաները, ով, ինչով կարողանում, օգնում է զարգացնել տնտեսությունը։
Արդեն կայացած բիզնեսը, չնայած մեծ եկամուտ չի ապահովում, քանի ծավալները շատ մեծ չեն, բայց, ինչպես Վարդուհին է ասում՝ հպարտանալու առիթներ են տալիս․«Հպարտանալու է, որ երեխաները սնունդ ունեն, ձեռք եմ բերել բավականին լավ հաճախորդներ»։
Հիմա բիզնեսը փոքր է, բայց Վարդուհին մեծ ծրագրեր ունի, ընդլայնելու է բիզնեսը, նախատեսում է մոտ ապագայում հավերի նոր խմբաքանակ ձեք բերել, ոչ սվորական հավերի․«Մինչև գարուն ծրագրում եմ նոր ցեղատեսակի հավեր ունենալ: Դրանք սև ձվեր են ածում, դրանց միսն էլ սև է։ Մեր տարածաշրանում սա նորամուծություն կլինի, դրանց միսը ավելի դիետիկ և հագեցնող է՝ համեմատած իմ ունեցած հավերի հետ: Հաճախորդներիս մեջ նաև շաքարային դիաբետ ունեցող երեխաներ կան, որոնց համար նոր պրոդուկտ կաաջարկեմ՝ հարմարեցված իրենց սննդակարգին»:
Գաղափարը կյանքի կոչելու համար Վարդուհին գործնական քայլերի է դիմում: Վերջերս մասնակցել է տնտեսական հզորացման թեմայով հերթական դասընթացին, հնարավորություն է ստացել դրամաշնորհի միջոցով ինկուբատոր ձեռք բերել: Այժմ փնտրում է, հարմար մատակարար իր նախընտրած ցեղատեսակի հավերը ձեռք բերելու, և ունեցած «հավաքածուն» համալրելու համար: Վստահ է՝ հաջողելու է:
Նա միայն իր բիզնես-ծրագրերով չի սահմանափակվում, համայնքի զարգացման համար էլ իր գաղափարները կյանքի է կոչում։ Վարդուհու ջանքերի, ներկայացրած ծրագրերի շնորհիվ միջազգային դոնորների աջակցությամբ Գետքում խաղահրապարակ է կառուցվել, կանգառասրահներ են տեղադրվել, գարնանը մեկնարկելու է Գետքի կանաչապատման և զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագիրը։
Ասում է՝ մեկ այլ համատեղ ծրագրով էլ Բասենի ռեսուրս-կենտրոնն է վերանորոգվել, համլրվել գույքով և տեխնիկայով։
Շիրակի մարզի 5 համայնքների բնակիչների համար, ինչպես պատմում է Վարդուհին, կրկին միջազգային դրամաշնորհով, իրազեկման դասընթացներ են իրականացրել՝ հաղորդակցության հմտություններ, մեդիագրագիտություն, մասնակցային բյուջետավորում։
Սա, ըստ Վարդուհու, համայնքների բնակիչների հմտություններն ու կարողությունները զարգացնելու համար է, որպեսզի նոր գիտելիքներով բնակիչները մասնակցեն համայնքի զարգացմանը։
«Երբեք մի՛ նստիր ու սպասիր, որ ինչ-որ մեկը կօգնի քեզ, ինքդ քայլ արա, հասի՛ր քո նպատակին, կանայք այդ բավարար ուժը իրենց մեջ կրում են»,-խորհուրդ է տալիս Վարդուհին։
Նիկոլ Մարգարյան