Արտերկրում աշխատանք գտնելու համար Հայաստանից մեկնած տղամարդկանց 86.4%-ը չի վերադարձել․ՎԿ-ն ժողովրդագրական ցուցանիշներ է հրապարակել
Լուսանկարը՝ արհեստական բանականության գործիքներով
Արտագաղթի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Միգրացիայի հիմնական պատճառներն, ըստ վիճակագրական կոմիտեի, աշխատանք գտնելն է՝ 64.4%, ընտանեկան հանգամանքները՝ 14.6% և ռազմական գործողությունների հետևանքները՝ 18.2%։
Հայաստանում միգրացիոն գործընթացները 2021-2023 թվականներին եղել են կարևոր հանգամանքներ, որոնք արտացոլում են երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունները։ Այս երեք տարվա միգրացիայի հիմնական պատճառներն ու ուղղությունները կապված են եղել ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլ նաև տարածաշրջանային հակամարտությունների ու անվտանգության հարցերի հետ։ Միգրացիայի շարժը ազդել է երկրի ժողովրդագրական կառուցվածքի և սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, պահանջելով քաղաքական մոտեցումների նոր զարգացում։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021-2023 –ի միգրացիոն ցուցանիշները՝«Հայաստանի ժողովրդագրական ժողովածու-2024»։
Ըստ կոմիտեի՝ 2021 թվականին միգրացիոն շարժերը համեմատաբար կայուն էին, հիմնականում պայմանավորված համավարակի ազդեցությամբ։ Այդ տարվա ընթացքում 10.6%-ը տնային տնտեսություններից ունեցել է միգրացիոն հոսքեր։
Արտագաղթածների հիմնական ուղղությունը եղել է Ռուսաստանը, որտեղ տեղափոխվել է արտագնա միգրանտների 58.8%-ը, Ուկրաինա՝0.3%, ԱՊՀ այլ երկրներ 1%, եվրոպական երկրներ՝ 2,1%։
2022 թվականին միգրացիոն հոսքերն աճել են համավարակի սահմանափակումների թուլացման և տարածաշրջանային սոցիալ-տնտեսական խնդիրների հետևանքով։ Ներգաղթածների շրջանում հիմնական մասը՝ 79.5% եկել էին Արցախից, իսկ արտագաղթողների 48.6%-ը մեկնել է Ռուսաստան։ Ապա հաջորդել է Վրաստանը՝11.8%, Իրանը՝ 7,2%, ԱՄՆ-ը՝ 3.5% և այլ երկրներ։
2023 թվականին միգրացիոն շարժերը առավել ակտիվ դարձան, քանի որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներըՀայաստան տեղափոխվեցին։
Ըստ ՎԿ-ի՝ 2023-ին Հայաստանից արտագաղթել է 37,100 մարդ, իսկ ՀՀ ժամանածների թիվը կազմել է 78,500-ի, որոնց 50.2%-ը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։
2021-2023-ին միգրացիոն գործընթացներում ներգրավված`տվյալ բնակավայր նոր ժամանած միգրանտների 19%-ի տեղաշարժը եղել է երկրի ներսում, այսինքն՝ ՀՀ բնակավայրերի միջև, իսկ շուրջ 30.8%- ինը՝ միջպետական է, որից՝ 21.4%-ը՝ ՌԴ-ից:
ՎԿ հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2021-2023թթ. միջակայքում 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից արտերկիր մեկնած և 2023 թվականի դրությամբ դեռևս չվերադարձած ընտանիքի միգրանտ անդամների միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 23 000 մարդ:
Արտագաղթի հիմնական ուղղությունը շարունակել է մնալ Ռուսաստանը։ Միգրացիայի հիմնական պատճառներն, ըստ վիճակագրական կոմիտեի, աշխատանք գտնելն է՝ 64.4%, ընտանեկան հանգամանքները՝ 14.6% և ռազմական գործողությունների հետևանքները՝ 18.2%։
Կոմիտեի ներկայացմամբ՝ այս տվյալները հաստատում են այն միտումը, որ միգրացիան շատ դեպքերում կապված է աշխատանքի հետ, ինչը առավել նկատելի է տղամարդկանց շրջանում, քանի որ 86.4%-ը չվերադարձածներից եղել են տղամարդիկ։ Արտագաղթածների 88.2%-ը մեկնել է Ռուսաստան, որտեղ Հայաստանի քաղաքացիները շարունակում են որոնել աշխատանքի հնարավորություններ և ավելի բարձր սոցիալ-տնտեսական պայմաններ։
Ներքին միգրացիան կազմել է միգրացիոն հոսքերի 24%-ը։ Այն հիմնականում եղել է տեղափոխություն դեպի Երևան կամ Հայաստանի այլ քաղաքներ ու մարզեր։ Գյուղական բնակավայրերից դեպի քաղաքներ տեղափոխվելու գործընթացը նպաստել է ուրբանիզացիոն զարգացմանը և բնակչության թաքնված պահանջներին։
Նույն աղբյուրի տվյալներով՝ 2021-2023թթ. ընթացքում միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսությունների անդամների շուրջ 38.5%-ը՝ 100.8 հազ. մարդ 2023 թվականի դրությամբ դեռևս բացակայել են իրենց ընտանքիներից և գտնվել են` ՀՀ այլ մարզում կամ Երևանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում, 24.7%-ը ՝ շուրջ 64.6 հազ.մարդ, վերադարձել են իրենց մեկնումներից, իսկ 36.8%-ը՝ շուրջ 96.4 հազ.մարդ, առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր:
Արտագաղթածների 88.2%-ը մեկնել է Ռուսաստան, որտեղ Հայաստանի քաղաքացիները շարունակում են որոնել աշխատանքի հնարավորություններ և ավելի բարձր սոցիալ-տնտեսական պայմաններ։
Հայաստանի միգրացիոն շարժերը վկայում են, որ այս երեք տարվա ընթացքում բնակչության տեղաշարժերը կապված են եղել տնտեսական ու քաղաքական դրդապատճառների հետ։ Միգրացիայի հիմնական պատճառներն ու ուղղությունները արտացոլում են տարածաշրջանային կոնֆլիկտների, ինչպես նաև աշխատուժի պահանջարկի ազդեցությունը։ Այս ամենը պահանջում է քաղաքական և տնտեսական միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ինչպես ներգաղթը խթանելուն, այնպես էլ արտագաղթը նվազեցնելու նպատակին։ Այս տվյալներն ու միտումները կարևոր նշանակություն ունեն երկրի հետագա ժողովրդագրական և տնտեսական զարգացման համար։
Սյուզաննա Խառատյան