Արցախցի երեխաները նոր տարում երազում են այլևս չապրել ապաստարաններում, ընկերների հետ նորից քայլել Ստեփանակերտի փողոցներով և որ մայրիկն այլևս լաց չլինի, իսկ հայրիկը չգնա ծառայության | Region

Արցախցի երեխաները նոր տարում երազում են այլևս չապրել ապաստարաններում, ընկերների հետ նորից քայլել Ստեփանակերտի փողոցներով և որ մայրիկն այլևս լաց չլինի, իսկ հայրիկը չգնա ծառայության

Հունվար 08,2025 11:13

Այս երեխաներն արժանի են ոչ միայն կարեկցանքի, այլ նաև գործողությունների, որոնք կվերականգնեն նրանց մանկության իրավունքը, չէ՞ որ աշխարհը, որի մասին նրանք երազում են, նվեր չէ, այլ նրանց անքակտելի իրավունքը

Արցախցի հազարավոր երեխաների համար, ովքեր բռնի տեղահանվել են, շատերն էլ  կորցրել են իրենց սիրելիներին սարսափելի պատերազմի ժամանակ, այս Նոր տարին ամենաուրախը չի լինի։ Վերջին տարիներին ժամանակից շուտ մեծացած արցախցի երեխաները ամենից շատ խաղաղություն են ուզում։ Այս երեխաները մեծերի պես են մտածում, խաղալիքների ու քաղցրավենիքի փոխարեն նրանք խաղաղություն են ուզում, վերադարձ տուն, ընտանիքների վերամիավորում։

Ձմեռ պապին գրած նրանց նամակի յուրաքանչյուր տող ցավի և հույսի արտացոլումն է, որն ապրում նրանց փոքրիկ սրտերում: Նրանք խոսում են ավերված դպրոցների, ընկերների մասին, որոնց հետ այլեւս չեն կարող խաղալ։ Բայց երեխաները դեռ հավատում են, որ Ձմեռ պապն իրենց կլսի և կբերի ոչ թե նվերներ, այլ ամենակարևորը՝ տուն վերադառնալու հնարավորություն։ Սրտից բխող այս ճիչը աշխարհին հիշեցնում է, որ պատերազմը խլում է երեխաներից ոչ միայն մանկությունը, այլև՝ երջանկության իրավունքը:

Արցախցի մի քանի երեխաներ REGIONSTV-ի հետ կիսվել են իրենց ցանկություններով ու մտքերով։

Աշոտ Հարությունյան, 11 տարեկան, Ստեփանակերտից

11-ամյա ստեփանակերտցի Աշոտը երազում է, որ Արցախում հավերժ խաղաղություն լինի, իսկ իր ընտանիքն ու ընկերները երջանիկ լինեն։ Նա ցանկանում է, որ հայրենի հողում կրկին հնչեն երեխաների ձայները, իսկ դպրոցներն ու փողոցները լցվեն ուրախությամբ։

«Ես միշտ սիրել եմ Նոր Տարին։ Ամեն Նոր Տարի Ձմեռ պապը մեր տուն էր գալիս անակնկալներով ու հաճելի նվերներով՝ ուրախացնելով ինձ ու փոքր եղբորս՝ Արամին։ Մայրիկը տունը զարդարում էր տոնական լուսյերով ուխաղալիքներով։ Ես ու Արամը օգնում էինք մայրիկին սեղանը գցել, ապա սպասում էինք Ամանորի գալուն։ Բայց վերջին երկու տարում ինչ-որ բան փոխվել է։ Արդեն երկրորդ տարին է՝ Ձմեռ պապիկին գրած նամակներս նրան չեն հասնում։ Չգիտեմ, գուցե նամակներս ճանապարհին կորում են։ Գուցե նա պարզապես չի լսում ինձ: Կամ գուցե իմ երազանքն իրականանալի չէ, կամ  գուցե ես չափից շատ բան եմ ուզում: Ես երազում եմ խաղաղության մասին, որ ես ու ընկերներս կարողանանք վերադառնալ տուն՝ Արցախ, որտեղ մեծացել ենք։

Ուզում եմ, որ մի օր Ձմեռ պապի կախարդական փայտիկը հրաշք ստեղծի՝ միավորի ինձ ու ընկերներիս ու տանի մեր սուրբ հայրենիք։ Մենք նշել ենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մայրիկս ինձ պատմել է, որ Սուրբ Ծնունդը լույսի ու հույսն ակնկալիքն է, որ Սուրբ Ծննդյան լույսը կլուսավորի բոլոր մութ անկյունները և ջերմություն կտա մարդկանց, հատկապես՝ արցախցի երեխաների սրտերին։ Չնայած այս ամեն ինչին, ես հավատում եմ հրաշքներին։ Ի վերջո, Ամանորն ու Սուրբ Ծնունդն այն ժամանակներն են, երբ մեր երազանքները կարող են իրականանալ: Ես ցանկանում եմ, որ Սուրբ Ծննդյան լույսը խաղաղություն բերի մեր տանը»,- ասում է Աշոտը։

Արթուր Գրիգորյան, 16 տարեկան, Ստեփանակերտից

16-ամյա Արթուր Գրիգորյանը ջերմությամբ է հիշում Ստեփանակերտը և հույս ունի, որ մի օր կկարողանա վերադառնալ տուն։

«Արցախցի շատ երեխաների պես, ես գիտեմ, որ այս Ամանորին և Սուրբ Ծննդին մեր ամենանվիրական ցանկությունն է վերադառնալ մեր տները, զգալ մայրիկի թխած փախլավայի անուշ բույրը, տեսնել ինչպես են ծաղկում պապիկի տնկած մեր այգիները։ Երազում եմ նորից վազվզել ծանոթ բակերով, հանդիպել ընկերներիս հետ՝ առաջվա պես, երբ բոլորս կողք կողքի էինք ապրում ու միասին մեծանում։ Ուզում եմ, որ ես ու ընկերներս մի օր նորից քայլենք, զբոսնենք Ստեփանակերտի փողոցներով։ Գիտեմ, որ չնայած բոլոր դժվարություններին, մենք վերադառնալու ենք մեր տները։ Մենք գիտենք, որ Արցախ վերադառնալը կարող է երկար ու դժվար լինել, բայց հուսով եմ, որ մեր երազանքները կիրականանան։ Ես հավատում եմ, որ մեր երազանքները պարզապես խոսքեր չեն, այլ կրակ, որը վառվում է մեր սրտերում: Ամեն օր, երբ արթնանում եմ, պատկերացնում եմ, թե ինչպես ենք մենք նորից միասին լինելու, ինչպես ենք ժշտալու ծանոթ դեմքեր տեսնելիս, ինչպես ենք գրկելու մեր մտերիմներին ու ծանոթներին և ասելու          ՝մենք տանն ենք։  Մեր այգիները, մեր փողոցները, մեր սարերը, նրանք մեզ են սպասում, ինչպես մենք ենք սպասում նրանց։ Եթե ​​նույնիսկ հիմա հեռու ենք, մեր արմատները մնում են այնտեղ՝ Արցախում, և նրանք մեզ ուժ են տալիս չհանձնվելու։ Այս Նոր Տարին  թող մեզ ոչ միայն հույս բերի, այլեւ՝ այն իրականացնելու ուժ։ Այս Նոր Տարում յուրաքանչյուր արցախցու ցանկանում եմ չկորցնել հայրենիք վերադառնալու հույսը։ Թող այն մեզ համար քայլ լինի դեպի խաղաղություն, դեպի լույս, դեպի տուն։ Թող մեզանից յուրաքանչյուրը ուժ գտնի շարունակելու երազել և պայքարել այն ամենի համար, ինչ մեզ համար թանկ է։ Մենք Արցախի զավակներն ենք, իսկ մեր սերը հայրենիքի հանդեպ անպարտելի է»,- իր ցանկությունն է կիսում Արթուր Գրիգորյանը։

Էմիլի Բաղդասարյան, 8 տարեկան, Մարտունու շրջանից

8-ամյա Էմիլի Բաղդասարյանն Արցախի Մարտունու շրջանից է, նա պարզ, բայց ամենակարևոր ցանկությունների մասին է գրում է. «Տխուր եմ, որ ուրիշի տանն ենք։ Ես ուզում եմ արձակուրդներն անցկացնել մեր տանը։ Հիշում եմ մեր տան տոնածառը՝ այն շատ մեծ ու գեղեցիկ էր։ Ես մեր տոնածառն ու մեր տունն եմ ուզում: Մեր բակում ճոճանակ կար, ես քույրերիս՝ Արփիի ու  Ալեքսանդրայի հետ ճոճվում էինք։ Հիշում եմ՝ ոնց էինք քույրերիս հետ վազվզում մեր բակում, ծիծաղում, իսկ մայրս մեզ տուն էր կանչում, որ հանկարծ չմրսենք։ Մենք հավաքվում էինք մեծ սեղանի շուրջ, տատիկը գաթա էր թխում, պապիկը պատմում էր, թե ինչպես է կառուցել մեր տունը։ Հիշում եմ՝ կանգնում էինք պապիս կառուցած ավտոտնակի տանիքին, որտեղից  երևում էր ամբողջ Մարտունի քաղաքը։ Բայց թուրքերը գրավեցին մեր տները, մենք մնացինք առանց տուն, հիմա Երևանում ենք։ Հաճախ փակում եմ աչքերս ու պատկերացնում, թե ինչպես ենք վերադառնում։ Ես ուզում եմ, որ այլեւս պատերազմ ու ռումբեր չլինեն։ Ուզում եմ առաջվա պես ապրենք, որ մեր Մարտունի քաղաքը թուրքին չպատկանի։ Հավատում եմ, որ Արցախ, մեր տուն կվերադառնանք, մեր տանը, ինչպես նախկինում էինք անում, տոնածառը կզարդարենք, տատիկը մեր սիրելի կարկանդակներն ու նրբաբլիթները կթխի ու մենք նորից բոլոր տոները միասին մեր տանն ենք նշելու ու այլեւս նկուղներում չենք ապրելու։  Երազում եմ ու հավատում եմ, որ նորից կհավաքվենք մեծ սեղանի շուրջ, կծիծաղենք, երգեր կերգենք, կուրախանանք, որ տանն ենք։ Երեխաները կգնան մանկապարտեզներ և դպրոց, մայրիկն այլևս լաց չի լինի, իսկ հայրիկն այլևս չի գնա դիրքեր ծառայության։ Ես ու քույրերս կխաղանք մեր բակում, մեր տունը նորից մերը կլինի։ Իսկ երբ վերադառնանք, առաջվա պես բարձր ու գեղեցիկ տոնածառ կդնեմ՝ վառ լույսերով կվառեն։ Մենք անպայման պետք է վերադառնանք»:

Այո՛, պատերազմը խորը հետքեր է թողել արցախցի երեխաների հոգիներում՝ զրկելով նրանց ոչ միայն տնից, այլեւ ապահովության զգացումից։ Այս երեխաները շատ մեծահասակներից լավ գիտեն խաղաղության գինը։ Նրանք հիշում են, թե ինչ տեսք ունի ավերված տունը, ինչպես է հնչում հարազատներին կորցրած մոր լացի ձայնը։

Նրանք հավատում են, որ մի օր առանց տագնապի ազդանշանի լուսաբաց կլինի, դպրոցները կրկին կլցվեն զրնգացող ձայներով, փողոցները՝ ծիծաղով։ Նրանց երազանքները պարզ են ու միաժամանակ անիրատեսական պատերազմական պայմաններում՝ վերադառնալ հարազատ բակ, գրկել ընկերներին, տեսնել ծնողների ժպիտը։ Այս երեխաներն արժանի են ոչ միայն կարեկցանքի, այլ նաև գործողությունների, որոնք կվերականգնեն նրանց մանկության իրավունքը, չէ՞ որ աշխարհը, որի մասին նրանք երազում են, նվեր չէ, այլ նրանց անքակտելի իրավունքը։

Զաբելա Ավագյան

Նորություններ