Մարզերում հանրային տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է բարձրանա, հնարավոր է՝ նվազի, Գյումրին շրջանցող 25 կիլոմետր ճանապարհ, Քաջարանում 7 կիլոմետրանոց թունել կկառուցվի
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները, խոսել այս տարվա ծրագրերի մասին
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հրավիրված ասուլիսում չի բացառել, որ հանրապետության մարզերում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կարող է կամ բարձրանալ, կամ նվազել, դա կախված է որոշ երթուղիներ ներմուծվող մեքենաներից։
Անդրադառնալով անցած տարի ջրհեղեղի հասցրած վնասներին, նախարարն ասել է՝ Տավուշի և Լոռու մարզերում նախորդ տարվա ջրհեղեղի հետևանքով աղետի գոտու բոլոր ճանապարհներն այժմ անցանելի են։ Նա ասաց, որ աշխատանքներ են տարվում դեպի Լոռու մարզի Քարկոպ գյուղ մեքենաների համար կամուրջ կառուցելու ուղղությամբ։
«Հյուսիս-Հարավ» միջանցքի ծրագրի մասին էլ նախարարն ասաց՝ այս տարի նախատեսվում է խոշոր ծրագրեր սկսել, ընթացիկ ծրագրերն էլ շարունակվում են։
Խուդաթյանը վստահեցրեց՝ Քաջարանում 7 կիլոմետրանոց թունելի, Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր ճանապարհի և Գյումրին շրջանցող 25 կիլոմետր ճանապարհի կառուցման համար վարկային և դրամաշնորհային պայմանագրեր են կնքվել։