ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 165 մլն դոլար | Region

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 165 մլն դոլար

Հունվար 09,2025 16:46

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել է, որ նոր ատոմակայանի կառուցման հարցում թե որ երկրի կազմակերպությունն է ներգրավվելու, կառավարությունը դեռ որոշում չի կայացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր 2024 թվականն ամփոփող ասուլիսում անդրադարձել է ճանապարհաշինությանը, ատոմակայանին, նախարարությունում կադրային փոփոխություններին և այլ հարցերի։

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրորդային երկարացման նախագծի իրականացման աշխատանքներն իրականացվում են հաջողությամբ։ Ըստ նախարարի՝ այդ աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 165 մլն դոլար։

Կառավարությունը տարբեր առաջարկներ է քննարկում՝ հաշվի առնելով դրա տնտեսական եւ ֆինանսական արդյունավետությունը, եւ այն ժամանակահատվածը, որում հնարավոր կլինի գործարկել։

«Տարբեր երկրների անուններ են շրջանառվել, ուսումնասիրություններ ենք իրականացնում, դրանք դեռեւս ավարտված չեն եւ չեմ հրապարակի՝ ո՞ր հայտերն են առավել մեր հետաքրքրության կենտրոնում։ Անցած տարեվերջին, կառավարության համապատասխան որոշումով  ՏԿԵ նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում․ բյուջեն արդեն հաստատվել է, կա հաստիքացուցակը, առաջիկայում էլ համալրումները կանենք։ Նոր կազմակերպությունը զբաղվելու է հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ եւ շինարարական աշխատանքների, նաեւ՝ որոշակի հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմմամբ։ Այդ կազմակերպությունն այս պահից սկսած ամբողջությամբ ներգրավված է լինելու նոր ԱԷԿ-ի կառուցման գործում՝ մինչեւ շահագործման հանձնելը»,- ասել է նախարարը։

Ժամկետները դեռ պարզ չեն, դա կախված է նրանից, թե, որ մոդելը կընտրվի, և ինչպես ասաց նախարարը, առաջարկներ եղել են ՌԴ-ից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, կառավարությունը դե վերջնական որոշում չի կայացրել։

Հիշեցնենք՝ 2023-ին ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ը մինչև 2026 թվականը աշխատելու լիցենզիա ունի, որոշ ուղղություններով՝ մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա։ Նա նաև նշել էր, որ կառավարության որոշմամբ՝ առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որպեսզի ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչև 2036 թվականը։ Սանոսյանն ասել էր՝ հսկայածավալ աշխատանք է կատարվել, ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել։

Դավիթ Խուդաթյանն ասուլիսում անդրադանալով «Հետք»-ի հրապարակմանը, որտեղ նշվում է ճանապարհների որոշ հատվածներում անորակ աշխատանքների ն և կոռուպցիոն ռիսկերի մասին, նախարարն ասել է՝   700 կիլոմետր կառուցված ճանապարհի մեջ որոշակի թերություններ, որոշակի անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի․ Մենք պլանավորում ենք ամբողջապես լավ վիճակում ճանապարհներ հանձնել շահագործման»։

«Հետք»-ի հոդվածն ուսումնասիրում է դատախազությունը, արդյունքների մասին, ըստ նախարարի, կհայտարարեն։

ՏԿԵ երկարամյա փոխնախարար Վաչե Տերտերյանը վերջերս ազատվել է պաշտոնից։ Այս առնչությամբ էլ Խուդաթյանն ասել է, որ Տերտերյանին պաշտոնանկ անելու հարցն ինքն է առաջարկել՝ ելնելով այն տրամաբանությունից, որ նախարարությունում փոփոխություններ են պետք․ «Սրանով չեմ ուզում ստվերել պարոն Տերտերյանի վաստակը ՏԿԵ կայացման գործում։ Ասեմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ։ Պարոն Տերտերյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով շարունակել մեզ հետ այլ ֆորմատներում աշխատել, այդ թվում նաև՝ ընկերական»։

Նախարարը ճանապարհների ապաշրջափակման մասին էլ ասել է՝ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է աշխատանքների գործնական հարթություն մտցնել ճանապարհների ապաշրջափակումը․«Մենք միշտ հաշվարկներ ենք կատարում այն տրամաբանությամբ, որը ներառված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Սակայն Ադրբեջանի կողմից դեռ արձագանք չկա, ես չեմ ուզում հավելյալ մեկնաբանություններ տալ»։

Նորություններ