«Մենք 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»․Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է՝ մեր գլխավոր խնդիրը Հայաստանի հանրապետության հարատևությունն է, դա հնարավոր է այն դեպքում, եթե կարողանանք մեր տարածաշրջանում, մեր հարեւանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության
Հիմա առավել, քան երբևէ կարևոր է ունենալ խոսակցություն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հանրապետությունում, նրա շուրջ և ինչու է տեղի ունենում։ Այս մասին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն, ընդ որում՝ այդ գաղափարախոսության փոփոխությունը տեղի է ունենում նախ մեր մեջ, նկատի ունեմ Հայաստանը կառավարող թիմի մեջ։
«Սա կարևոր է արձանագրելու համար, որ ոչ թե ուրիշի գաղափարն ու գաղափարախոսությունը փոխարինվում է այսպես ասած մեր սեփական գաղափարախոսությամբ, այլ այն գաղափարը, որը մերն է, մեզ նույնքան հարազատ է, ամենատարբեր հանգամանքների բերումով ապրում է որոշակի փոփոխություն։ Այսինքն, մենք և՛ նախկին, և՛ ձևավորվող գաղափարի կրողն ենք նույն չափով։ Ոչ թե մեզանից առաջ Հայաստանի իշխանությունն այս առումով ուներ ուրիշ գաղափարախոսութուն, և մենք եկանք հրաժարվեցինք իրենց գաղափարախոսությունից և մեր գաղափարախոսությունն ենք դնում, այլ մենք բոլորս՝ հայությունն ընդհանրապես կրում է մի գաղափարախոսություն․․․»,-ասել է Փաշինյանը։
Նրա ներկայացմամբ՝ հիմա տեղի է ունենում գաղափարախոսական տրանսֆորմացիա։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում և սփյուռքում եղել է այնպիսի ընկալում, թե Հայաստանի հանրապետությունը մի հենման կետ է՝ ավելի բարձր ազգային նպատակներին հասնելու համար․«Այդ նպատկաներն, իմ համոզմամբ, կապված են մեր պատմական անցյալի հետ։ Գաղափարախոսությունը փոխվում է դեպի հետևյալը՝ ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակ, դրանից ավելի բարձր նպատակ չի կարող լինել։ Հայաստանը ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանը ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է, հետեւաբար պիտի կենտրոնանալ Հայաստանի գործառույթային խնդրի վրա է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը»։
Ըստ Փաշինյանի՝ այս գաղափարախոսությունը միակն է, որ Հայաստանի լինելիության շանս է տալիս, եթե մենք այս գաղափարախոսությունը որդեգրած լինեինք շատ ավելի վաղ, գուցե ավելի մեծ երաշխիքներ կլիներ, որ այդ գաղափարախոսությունը կապահովի Հայաստանի լինելիությունը։
Փաշինյանի խոսքով՝ վելուծել է պետք, թե ինչու այդ գաղափարախոսությունը չենք որդեգրել 2018-ին, 2015-ին, 1995-ին կամ օրինակ՝ 1988-ին։
«Մենք եկել ենք այս ամեն ինչին 44-օրյա պատերազմում պարտության բերումով, և այդ պարտության խորքային և ոչ խորքային պատճառները վերլուծելու և հասկանալու բերումով։ Իմ գնահատմամբ՝ մենք 44-օրյա պատերազմի պարտության միջով անցելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Ես չէի ուզի նաեւ վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այս դիրքորշման հետ։ Այն համոզմունքին եմ եկել, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար են եղել։ Մենք պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա։ Հեշտ չի լինելու»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ՝ որոշակի հանգամանքների բերումով, մեր տարածաշրջանում նեգատիվ է ձեւավորվել Հայաստանի նկատմամբ ու պիտի կարողանալ նեգատիվը կառավարել․ «Մենք փորձում ենք այդ նեգատիվը կառավարել հավասարակշռված, առանց էմոցիաների կառավարել»։
Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը՝ Հայաստանի հանրապետության հարատևությունն է, դա, ըստ Փաշինյանի, հնարավոր է այն դեպքում, եթե կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որ մենք մեր տարածաշրջանում, մեր հարեւանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության․ «Սա չի նշանակում, որ մենք տարբեր դաշինքների, ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ չենք համագործակցելու։ Խոսքը նրա մասին է, որ խնդիր պիտի դնենք մեր տարածաշրջանում ունենանք ապրելու հնարավորություն ՝ առանց արտաքին օգնության ու առանց արտաքին միջնորդության։ Դրա համար մեր ընկալումն այն է, որ մենք պիտի ինքներս մեզ ընկալենք որպես մեր խնդիրների լուծման առաջին գործոն։ Սովորաբար, մեր միջին վիչակագրական արձագանքը երբ մեր տարածաշրջանում խնդիր է լինում, մեր առաջին արձագանքն է՝ դիմենք այստեղ, այնտեղ, արտատարածաշրջանային գործոնի։ Մենք պիտի մեր դիտանկյունը փոխենք՝ եթե մենք խնդիր ունենք մեր տարածաշրջանում, մենք առաջինը մեզ պիտի ընկալենք որպես այդ խնդրի լուծման սուբյեկտ»։