«Կարող էինք մինչև վերջին մարդը զոհվել, հարց չկա, զոհվեցինք: Հետո՞, Ալեն Սիմոնյանի սիրտը կհանգստանա՞ր»․Արտակ Բեգլարյան | Region

«Կարող էինք մինչև վերջին մարդը զոհվել, հարց չկա, զոհվեցինք: Հետո՞, Ալեն Սիմոնյանի սիրտը կհանգստանա՞ր»․Արտակ Բեգլարյան

Փետրվար 12,2025 14:30

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով՝ հնարավոր էր 2023-ին պայքարել, բայց ինչպիսի դիմադրություն էլ ցույց տրվեր՝ դա չէր կարող փոխել իրավիճակը մի քանի ժամ կամ մի քանի օր անց, մեր լրացուցիչ զոհերի գնով, Ադրբեջանը կհասներ իր ուզածին

«Դա հերթական ատելության խոսքն է արցախցիների ու Արցախի հանդեպ»,- այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն՝ արձագանքելով երեկ խորհրդարանում հնչեցրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  հայտարարություններին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում երեկվա ճեպազրույցի ժամանակ, արցախցի լրագրողի հարցին ի պատասխան ասել է․«Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք։ Էն զենքերով ([պայքարել), որը որ Հայաստանի Հանրապետությունը իրա ամբողջ բանով թողել և տվել էր»։

Ալեն Սիմոնյանը նաև ասել է՝ պետք էր կռվել, Հայաստանը կռվել է․«Բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»։

Արտակ Բեգլարյանը ԱԺ նախագահի խոսքերը խիստ անընդունելի ու դատապարտելի է համարում։

Նա պնդում է, որ անգամ անիմաստ է մանրամասնորեն խոսել այն մասին, թե ինչպես է ժողովուրդը կռվել․ «Արցախի ժողովուրդը կռվել է, ուղղակի հետագա մարտական գործողությունները պարզապես արժանանալու էին լրացուցիցչ կյանքեր և ուրիշ ոչինչ, նույնիսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են արձանագրել, որ Արցախում ապրելը պարզապես անհնար էր։ Գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեցին իրենց պարտավորություններից՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում և այսպիսով միայնակ թողեցին տեղի ժողովրդին»։

Բեգլարյանը նաև ընդգծեց, որ դիմադրություն ցույց տալը, անգամ ՀՀ-ից թողած զենքերով, ժամանակավոր էր․ «Իհարկե, հնարավոր էր պայքարել, բայց ինչպիսի դիմադրություն էլ ցույց տրվեր՝ դա չէր կարող փոխել իրավիճակը։ Մի քանի ժամ կամ մի քանի օր անց, մեր լրացուցիչ զոհերի գնով, Ադրբեջանը կհասներ իր ուզածին»,- ասաց նա։

Ավելին, Բեգլարյանը համոզված է՝ այդ պայմաններում պայքարելու միտքը պարզապես աբսուրդ էր․«Քանի որ այնպիսի հյուծված, անհամեմատելի պայմաններում պատերազմելը, որտեղ ուժերը ամբողջովին անհավասար էին, իմաստ չուներ։ Կարող էինք մինչև վերջին մարդը զոհվել, հարց չկա, զոհվեցինք: Հետո՞, Ալեն Սիմոնյանի սիրտը կհանգստանա՞ր»։

Նա ընդգծեց, որ Արցախը կկարողանար մնալ հայկական, եթե ՀՀ-ն չճանաչեր Արցախը Ադրբեջանի կազմում և շարունակեր իրականացնել իր պարտավորությունները՝ հատկապես քաղաքական և անվտանգային ոլորտում․ «Սակայն երբ ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Արցախից ու մեզ միայնակ թողեցին, այլևս ոչ մի հնարավորություն չկար»։

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե «բերեցիք Հաճո իշխանության, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին», Բեգլարյանի բնութագրմամբ՝  պատասխանատվությունը փորձում են բարդել ուրիշների վրա՝ միայն թե իշխանությունները չընդունեն իրենց իսկ սխալները։

«Աբսուրդ է՝ շարունակաբար մեկի վրա մեղադրանքներ բարդել, երբ իրականում պատասխանատվությունն ավելի խորքային է։ Արցախի իշխանությունների սխալներն, իհարկե, կարելի է քննարկել, բայց դրանք մարտավարական բնույթի սխալներ էին՝ ոչ ռազմավարական»,-ընդգծեց Բեգլարյանը։

Նա համոզված է, որ Արցախի իշխանությունների ձեռքում այդ պայմաններում շատ բան չկար․ «Իրականում, թե Սամվել Շահամանյանը, թե Արայիկ Հարությունյանը, թե մեկ այլ անձ լիներ ղեկավար, Ալիևը հարձակվելու էր ու նույն արդյունքն էր լինելու»։

Ապա Բեգլարյանը հավելեց՝ այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը հետևանք էր ավելի գլոբալ խնդիրների․ «Ես, քանի որ եղել եմ այդ համակարգում, լավ գիտեմ, որ այդ իրավիճակում Արայիկ Հարությունյանը անձամբ որոշեց հրաժարական տալ, որպեսզի հնարավորություն տար նոր քաղաքական թիմին՝ որոշումներ կայացնելու և իրավիճակը հնարավորինս հանդարտեցնելու»։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ