«Այսպես շարունակելը հարգալից չէ սեփական ՓՄՁ-ի ու հարկ վճարողի նկատմամբ»․Հակոբ Ավագյանը՝ կառավարության քայլերի մասին | Region

«Այսպես շարունակելը հարգալից չէ սեփական ՓՄՁ-ի ու հարկ վճարողի նկատմամբ»․Հակոբ Ավագյանը՝ կառավարության քայլերի մասին

Փետրվար 25,2025 17:19

ՓՄՁ ներկայացուցիչները շարունակում են պահանջել հարկային օրենքի փոփոխությունների  կասեցումը

Հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ Հայաստանում փոքր ու միջին մի շարք բիզնեսներ հարկային նոր պայմաններում են գործում։ Օրենսդրական նոր պահանջները  մտահոգություն են առաջացրել ՓՄՁ ներկայացուցիչների շրջանում։ Հարկային նոր փոփոխությունը ,վերջիններիս հավաստմամբ, ծանր ազդեցություններ է թողնելու, զգալիորեն բարձրանալու է ծառայությունների արժեքը՝ հանգեցնելով մինչև անգամ փոքր ու միջին բիզնեսների փակման։

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում  ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն անդրադառնալով խնդրին, ասաց՝ վերջին շրջանում բողոքի ցույցերը, Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպումները ապարդյուն են անցել։

«Կառավորության ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ մենք կամաց-կամաց գնալու ենք շրջանառության հարկի վերացմանը, ինչը շատ ցավոտ է, և դրա մասով շատ վատ կանխատեսումներ կան»,- ասաց Ավագյանը,- ներկայացնելով 2011-2012 թվականների ձախողված փորձը՝ պարզեցված հարկից անցումը դեպի պարզեցված շահութակարկի։

ՓՄՁ ասոցիայի նախագահը կրկին անգամ վերահաստատեց իր այն տեսակետը, որ 21-րդ դարում քաղաքականությունները մշակվում են այնպես, որ բիզնեսը հարկերի վճարման և հաշվարկի վրա հնարավորին չափ քիչ ժամանակ ծախսի, և այս պարագայում շրջանառության հարկի ռեժիմը ամենապարզ և հարմար մեխանիզմն է։

Ավագյանը խնդրահարույց համարեց կառավարության այն հիմնավորումը, որ ամբողջական փաստաթղթավորումը հանգեցնելու է տնտեսության ամբողջական պատկերը տեսնելուն, նշելով, որ արդեն իսկ արձանագրվել է հարկային բեռի բարձրացում, և որ հնարավոր չէ պատշաճ փաստաթղթավորում ապահովել բոլոր ապրանքների համար․«Կան ապրանքային խմբեր, որոնք ուզենք, թե չուզենք, հայկական շուկայում հայտնվել են այնպիսի երկրներից, որոնց հետ մենք պատշաճ փաստաթղթավորումը անգամ մեծ ցանկության դեպքում չենք կարող ապահովել։ Մյուս կարևոր բանն այն է, որ հունվարի մեկից իրականացված փոփոխությունների  հետևանքով շուկայում  ստեղծվել է խեղաթյուրված իրավիճակ, որը մինչև այս առկա չէր։ Այս ամենը Կառավարության փնթի ձևակերպման արդյունք է»։

ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահ Արման Պետրոսյանն էլ անդրադարձավ հանրային սննդի ոլորտում իրականացված հարկային բարեփոխման երկարաժամկետ և կարճաժամկետ ազդեցություններին, նշելով՝ այս փոփոխությունները բարդացնում են հաշվապահությունը, պահանջելով ավելի շատ ֆինանսական միջոցների օգտագործում ընկերության համար։ Հարկային նոր փոփոխությունը, ըստ Պետրոսյանի, հանգեցնելու է մատուցվող ծառայությունների արժեքների բարձրացմանը, ինչն էլ ազդելու է զբոսաշրջության ոլորտի վրա՝ հետզհետե նվազեցնելով տուրիստական հոսքերը՝ քանի որ այս ոլորտից եկող եկամուտները ամենահավասարաչափն են բաշխված երկրի տնտեսությունում։

Բանախոսների համար դեռևս լիարժեք պարզ չէ նաև հարկային ոլորտում իրականացված փոփոխությունների իրական նպատակը,  քանի որ մինչև հիմա դրանք չեն ապահովել սպասվող արդյունքները։

Հակոբ Ավագյանն ասաց․«Ընդունված որոշումը չի ապահովել նախապես փաստաթղթերում նշված 18 միլիարդ լրացուցիչ եկամուտը։ Զուգահեռ այն հանգեցնելու է նաև վարքագծային կանոնի փոփոխության, և ունենալու է հակազդեցություններ, քանի որ դրանում ճշգրիտ հաշվաարկված չեն ո’չ մեխանիզմը, ո’չ բեռը, ո’չ էլ ՓՄՁ-ների հնարավոր պատրաստվածությունը իրավիճակին»։

Բանախոսները կրկին կոչ արեցին իշխանություններին կասեցնել օրենքի կիրառումը․«Այս ձևաչափով շարունակելը հարգալից չէ սեփական ՓՄՁ-ի ու սեփական հարկ վճարողի նկատմամբ»,-նշեց Հակոբ Ավագյանը։

 

 Նիկոլ Մարգարյան

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Նորություններ