«Քաղաքում շատ են խոսում, թե Ջավախքից ու այլ տեղերից մարդիկ են տեղափոխվել Գյումրի, գրանցվել, որիշխանական թեկնածուի օգտին քվեարկեն»․ ինչո՞ւ է ընտրողների թիվն ավելացել

Գյումրիում ընտրացուցակները նորից վիճարկման թեմա են, 2021 թվականի համեմատ ընտրողների թիվը բավականին ավելացել է
Արդեն մի քանի օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների ընտրացուցակների թիվը։ Առիթը Գյումրու արդեն լուծարված ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն էր տվել, որը հրապարակել էր թվեր ու նշել՝ ընտրացուցակներում նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվն ավելացել է։
Նարեկ Միրզոյանը համադրել է 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Գյումրու ընտրողների թիվը օրեր առաջ հրապարակված Գյումրու ավագանու ընտրությունների ընտրացուցակների հետ։ Պարզվել է՝ հիմա ընտրողների թիվը 2707-ով ավելի է 2021 թվականի համեմատ։
Ըստ ԿԸՀ հրապարակած թվերի` ընտրողների նախնական թիվը Գյումրիում հիմա կազմում է 112.160։

Նարեկ Միրզոյան
Միրզոյանը REGIONSTV-ին ասաց, որ ժողովրդագրական տվյալներն էլ են ուսումնասիրել, որոնց համաձայն՝ 2021-2025 թվականներն ընկած ժամանակահատվածում Գյումրիում բնակչության աճ չի եղել, ընդհակառակը, նվազում է արձանագրվել։
«Մեր հարցադրման խնդիրը հետևյալն է․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ընդգրկվա՞ծ են ցուցակում, թե՝ ոչ, արդյոք ընտրացուցակներում տեղ են գտել նաև Գյումրիում գտնվող Հնդկաստանի, նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ –ից և Ուկրաինայից Գյումրի եկած քաղաքացիները, թե՞ ընտրողների թվի տարբերությունը այլ հանգամանքներով է պայմանավորված։ Իրականում, եթե արցախցիները, ՌԴ քաղաքացիները բոլորը ընդգրկված լինեին, ապա մենք կարող էինք ավելի բարձր թիվ ունենալ։ Սա ցավոտ խնդիր է, քանի որ արցախցիները ամեն օր զանգում, հետաքրքրվում են, թե իրենք ընտրացուցակներում ընդգրկվա՞ծ են, թե՝ ոչ»,- ասում է ՀՀԿ ներկայացուցիչն ու ավելացնում․ «Մենք պարզաբանում ենք պահանջում, որովհետև քաղաքում շատ են խոսակցությունները, թե Ջավախքից կամ այլ տարածքներից մարդիկ են տեղափոխվել Գյումրի, գրանցվել, որպեսզի կարողանան իշխանական թեկնածուի օգտին ձայներ ապահովել»։
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը REGIONS TV-ին հայտնեց, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրության օրվա դրությամբ ունեն 6 ամսվա հաշվառում Գյումրի քաղաքում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող օտարերկրյա պետությունների այն քաղաքացիները, որոնք ընտրության օրվա դրությամբ ունեն 1 տարվա հաշվառում Գյումրի քաղաքի որևէ հասցեում։
«Ժամանակավոր ապրող, Գյումրիում չհաշվառված ոչ մի անձ չի կարող մասնակցել ընտրություններին։ Այս դրույթը նախորդ ընտրությունների ժամանակ էլ է գործել»,- հայտնեց Ղազարյանը։
Այս առնչությամբ այսօր պարզաբանում տարածեց նաև Ներքին գործերի նախարարությունը, որում ասվում է, որ Գյումրու ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունի 112․160 անձ, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած 921 անձ․(փախստականի կարգավիճակ ստացած, խմբ,), ինչպես նաև 2206 օտարերկրա պետության քաղաքացի, ովքեր մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Գյումրի համայնքում։
Նկատենք, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած 921 անձինք ու 2206 օտարերկրա պետության քաղաքացիների թիվը միասին, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում, կազմում է 3,127։ Այսինքն Նարեկ Միրզոյանի նշած՝ 2707-ից ավել։
Ներքին գործերի նախարարությունը իրականությանը չհամապատասխանող, անհիմն է համարում շրջանառվող այն տեղեկությունները, որ ընտրությունների նախաշեմին «հատուկ մարդկանց խմբեր են բերվում ու ժամանակավորապես հաշվառվում Գյումրիում՝ ստանալով ընտրելու իրավունք»։
Գյումրիում ընտրացուցակների խնդիրը վիճահարույց է եղել երկար տարիներ։ ՀՀԿ-ի իշխանության օրոք, ամեն ընտրությունից առաջ, ընդդիմադիր ուժերը ընտրացուցակների ճշգրտման խնդիրն էին բարձրացնում, բայց այդպես էլ ոչինչ չէր փոխվում։ Մահացածների անուններ, քանդված տնակների հասցեներում հաշվառված քաղաքացիներ, նրանց անվամբ կրկնակի քվեարկություններ, և այլն։ Այդ տարիներին շատ տարածված էր ընտրացուցակների անճշտությունները բնորոշող «Մեռած հոգիներ» արտահայտությունը։ Ըստ որոշ քաղաքական գործիչների, ընտրացուցակները երկար տարիներ Հայաստանում եղել են ընտրություններ կեղծելու կարևոր գործիքներից մեկը։
REGIONS TV-ն համեմատել է 2016 և 2021 թվականների ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները։ Ըստ այդմ, 2016 թվականի հոկտեմբերին, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, Գյումրիում ընտրողների ընդհանուր թիվը 125․983 էր։ Իշխանափոխությունից հետո 2021 թվականի հոկտեմբերին Գյումրիում ընտրողների թիվը դարձավ 109․453, այսինքն 16․530-ով պակասեց։
ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը այս տարբերությունը կապում է ժողովրդագրական վիճակի հետ։
«Այդ տարիների ընթացքում մեր հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ այլ երկրի քաղաքացիություն ստացան, հիմնականում՝ ՌԴ-ի։ Եվ ցավոք սրտի, կարող եմ ասել, որ տենդենցը դեպի բացասական է էդ առումով, ու տարեցտարի, այսինքն անընդհատ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու խնդիր ունենք»,- ասում է նա բացառելով այն հանգամանքը, թե հնարավոր է ցուցակները պարզապես մաքրվել են։
Նրա խոսքով՝ ընտրացուցակների մաքրման աշխատանքները տեղի են ունեցել 2016 թվից սկսած, այն բանից հետո, երբ բազմաթիվ քաղաքացիներ տնակներից հիմնական հասցեներ տեղափոխվեցին ու քանդված շենքերի հասցեները փակվեցին։ Ըստ Միրզոյանի, մինչ 2018 թվականի իշխանափոխությունը, իրենք արդեն գրեթե ճշգրտված ցուցակներ են ունեցել։
Նաև հարկ է նշել, որ 2016 թվականից հետո, մինչ այժմ, անցած 9 տարիների ընթացքում, Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ցուցակներում ընտրողների թիվը պակասել է 13․823-ով։
Նաև հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենք քանդված տնակների բազմաթիվ հասցեներ են հայտնաբերել, որոնցում հաշվառված հարյուրավոր անձինք կան։ Դրանից հետո, այլևս ոչ մի հայտարարություն չեղավ այն մասին, թե ինչ եղան այդ հասցեները, փակվեցի՞ն, թե՝ դեռ շարունակում են մնալ ու հարկ եղած դեպքում ծառայել որպես լրացուցիչ ընտրազանգված։
Նշենք, որ մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակները նախնական են, յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2025 թվականի մարտի 16-ը դրանցում տեղ գտած անճշտությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Կարինե Կազարովա