Փաշինյանը սկսել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին «սևացնելու» գործը․թեկնածուների արձագանքը՝ իշխանությունը ցայտնոտի մեջ է, իշխող ուժը կրկին առավելություն է ստանում մյուս ուժերի նկատմամբ | Region

Փաշինյանը սկսել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին «սևացնելու» գործը․թեկնածուների արձագանքը՝ իշխանությունը ցայտնոտի մեջ է, իշխող ուժը կրկին առավելություն է ստանում մյուս ուժերի նկատմամբ

Մարտ 10,2025 16:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուներին «սևացնելու» գործն  ու մեդադրանքները։

Երեկ Փաշինյանը ՔՊ-ականներով Գյումրում էր՝ գալա հանդիպմանն էր Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ի նախընտրական ծրագիրն էր ներկայացնում, ձեռքի հետ էլ թեկնածուների անցյալն էր հիշեցնում, վիրավորում ու մեղադրում թալանի մեջ։

«Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին ու վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։․․․

Գյումրիի ընտրություններին մասնակցում է  300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի ՀՀ-ին և ժողովրդին՝ ի սեփականություն։ Ընդ որում` հայտնի է՝ ումն են այդ գույքերը, դրանք Միշիկի գույքերն են, Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն ենք և դրանք Սերժիկի գույքերն են։

․․․ ոմանք առնետների նման նկուղներից դուրս են եկել ու փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում՝ հանուն թալանի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։ «Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք առնետային պադվալները, որտեղ  իրենք սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»,-երեկ հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանի այս ելույթին արձագանքել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին «Եվրադաշինքով» քաղաքապետի թեկնածու առաջադրված, Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա նշել է՝ իշխող քաղաքական ուժը կրկին առավելություն է ստանում մյուս ուժերի նկատմամբ․«Հանրային հեռուստատեսությունը կրկին իր դերի մեջ էր: Հանրային հեռարձակողը այսօրվա լուրերի թողարկման մեծ մասը տրամադրել է վարչապետի ելույթին, ինչը մրցակցային առավելություն է բերում իր թիմի ներկայացուցիչններին: Սա պետք է նկատի ունենան բոլոր դիտորդական կազմակերպութկյունները, լինեն դրանք տեղական, թե´ օտարերկրյա: Եթե Հանրայինը շարունակի իր կողմնակալ գործելաոճը, առաջարկելու եմ մրցող ուժերին հրաժարվել հանրայինով անցկացվող վերջին բանավեճին մասնակցելուց»: Նրա կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է ՔՊ-հանրային։

Փաշինյանի ելույթի մասին Բարսեղյանն ասել է՝  որևէ նոր բանի մասին չի խոսվել, ռազմավարությունն ու գաղափարական թիրախները նույնն էին, ինչ 2021 թվականի քարոզարշավի ընթացքում: Եվ հենց սա էլ պարոն Բարսեղյանի կարծիքով՝ խոչընդոտելու է ընտրություններում ՔՊ-ի հնարավոր հաղթանակին։

Անդրադառնալով Փաշինյանի՝ թեկնածուների հասցեին հնչացրած մեղադրանքներին, թե Գյումրու ընտրություննները նրանց համար ապօրինի գույքերը պաշտպանելու վերջին հնարավորությունն է, Բարսեղյանը դա համարել է անմիտ և չհիմնավորված․«Իմ գործընկեր 3 կուսակցությունների հիմնադիրների և նախագահների կողմից տնօրինվող ապօրինի գույք իմ տեղեկություններով չկա, թե չէ դաշինք չէր ձևավորվի, ես էլ այդ դաշինքի թեկնածուն չէի լինի: Իսկ իմ ապօրինի գույքն էլ գրախանութներից 70-ականների վերջերին «ցրած» մի քանի գրքերն են»:

Նա խոստացել է, որ վարչապետի այս խոսքերը ստանալու են իրենց համարժեք պատասխանը, եթե մինչև այդ վերջինս իհարկե ափսոսանք չհայտնի դրանց վերաբերյալ:

Արդյոք այս ընտրություններում որևէ առաջընթաց կլինի, այս առնչությամբ Բարսեղյանն ասել է՝ ես համարում եմ, որ ահագին բան է փոխվել Գյումրիում՝ քաղաքացիների մտածողության մեջ, և ինձ թվում է՝ առաջ գնալու ավելի շանս ունենք, քան հետ քաշվելու․«Քվեարկությունը ցույց կտա, գալու է ժամանակը և մարդիկ կարդալու են ծրագրերը, հարց տան՝ անելո՞ւ եք, թե՞ չեք անելու, ի՞նչ միջոցներով եք անելու»։

Թեկնածուն վերահաստատեց, որ հաղթանակի դեպքում «Եվրադաշինքը» կոալիցիա չի կազմելու որևէ քաղաքական ուժի, մասնավորապես՝ ՔՊ-ի հետ. նրա և իր թիմակիցների միակ նպատակը Գյումրի քաղաքին և գյումրեցիներին ծառայելն է»։

Փաշինյանի երեկվա ելույթին Ֆեյսբուքում անդրադարձել է նաև ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը։

«Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցն ինքնին վկայում է իշխանության ցայտնոտային վիճակի մասին, երբ հենց նա շատ լավ հասկանում է, որ լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Իշխանությունը դարձել է պրիմիտիվության աստիճանի ընկալելի ու միօրինակ, իսկ նրա գործողությունների հաջորդականությունը՝ կանխատեսելի և պլագիատային։ Երեկ ականատես դարձանք փաստացի մեկ շաբաթ շուտ մեկնարկած քարոզարշավի. Նիկոլը բղավում էր, մնացածը ծափահարում էին։ Սա էր ՔՊ-ն՝ իր ողջ մերկությամբ ու «հմայքով»։ Հասկանալով, որ Սարիկը (Սարիկ Մինասյանը) միայնակ չի կարող ապահովել անհրաժեշտ ձայները, Նիկոլն անձամբ է «подключит» եղել թեմային՝ ստանձնելով Գյումրիում գլխավոր քարոզչի դերը։ Պետք է արձանագրենք, որ Գյումրին՝ որպես Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաք, ունի հատուկ քաղաքական նշանակություն։ Այն սոցիալապես ավելի ակտիվ է, ունի ուժեղ ընդդիմադիր տրամադրություններ, և այստեղ հաղթանակը կամ աջակցություն ստանալը կարող է կարևոր ազդակ լինել ամբողջ երկրի համար։ Փաշինյանը պատահական չէր գնացել Գյումրի՝ իր ողջ թիմով։ Նա ակնհայտորեն փորձում էր ցույց տալ իր «հզորությունն» ու ընդգծել, որ ամբողջ թիմով ներգրավված են այս գործընթացում»,-գրել է Հովասափյանը։
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս  անդրադարձել է Փաշինյանի մեղադրանքներին, որտեղ նա անդրադարձել էր «Սև բերդի» հարակից տարածքների օտարմանը։
Նիկոլ Մարգարյան

Նորություններ