Չենք համագործակցի նաև «Եվրադաշինքի» հետ. նրանք չունեն հաշվարկ, որ ռուսական բազայի չլինելու դեպքում քաղաքին վտանգ չի սպառնա, նույն աղետը չի կրկնվի, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ․Կարեն Սիմոնյան | Region

Չենք համագործակցի նաև «Եվրադաշինքի» հետ. նրանք չունեն հաշվարկ, որ ռուսական բազայի չլինելու դեպքում քաղաքին վտանգ չի սպառնա, նույն աղետը չի կրկնվի, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ․Կարեն Սիմոնյան

Մարտ 23,2025 19:17

«Մայր Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավով Գյումրու Մուշ թաղամասում էր, թեկնածուները վստահեցրին՝ եթե ազատ տնտեսական գոտու իրենց գաղափարը իրականություն դառնա, ապա Մուշ թաղամասը կդառնա ամենաշատ աշխատատեղերով տարածքը

«Մեզ համար կարմիր հոծ գծով գծված է, որ ոչ մի պարագայում չենք միանալու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ, քանի որ ականատես ենք եղել անցյալ տարիների վատ կառավարմանը՝ սկսած կադրային քաղաքականությունից, մինչև արտաքին քաղաքականություն»,-այսօր Գյումրիի Մուշ թաղամասում քարոզարշավի ժամանակ մեկ անգամ ևս  հայտարարեց Գյումրու ավագանու ավաարտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի  թեկնածու Կարեն Սիմոնյանը։

Նա նաև հայտարարեց, որ չեն համագործակցի նաև «Եվրադաշինքի» հետ. «Նրանք կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը, ինչը մեզ համար անընդունելի է։ Նրանք չունեն հաշվարկ, որ բազայի չլինելու դեպքում քաղաքին վտանգ չի սպառնա, և նույն արհեստական աղետը չի կրկնվի, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ»։

Դաշինքը պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, որոնց ծրագրերը համընկնում են իրենց գաղափաարների հետ, իսկ այդպիսի համագործակցության հիմնական նպատակն է իշխանափոխությունը՝ ինչպես քաղաքի, այնպես էլ երկրի մասով։

Սիմոնյանը անդրադառնալ ՔՊ-ի պնդումներին, թե «Մայր Հայաստանը» ձայներ է հավաքում այլ ուժերի համար, ասաց. «Դա լկտի սուտ է, մենք չենք դավաճանի մեզ ձայն տվածներին»։

Թեկնածում կոչ արեց Գյումրիի երիտասարդներին միանալ իրենց թիմին՝ նշելով, որ երիտասարդների կրեատիվ գաղափարները խիստ անհրաժեշտ են։

«Մենք ունենք ձեր կարիքը», – ասաց նա՝ ընդգծելով, որ աշխատատեղերի ստեղծումը, ազատ տնտեսական գոտու ստեղծումը և քաղաքի համախմբումը իրենց ծրագրերի առանցքային մասերից են։

«Մեր նպատակն է զարգացնել ոչ միայն քաղաքի կենտրոնական մասը, այլ ամբողջ Գյումրին։ Մենք առաջ ենք բերել ազատ տնտեսական գոտու գաղափարը, որը ընդգրկելու է Մարմարաշեն տանող ճանապարհի երկու կողմերը։ Եթե այս նախագիծը իրականացվի, Մուշ թաղամասը կդառնա ամենաշատ աշխատատեղերով տարածքը, ինչը խթան կհանդիսանա քաղաքի տնտեսական զարգացման համար»,- ասաց թեկնածուն։

«Մայր Հայաստանի» նախընտրական ցուցակում ընդգրկված, ավագանու անդամի թեկնածու Սուրեն Կարապետյանն էլ հայտարարեց՝ ընտրվելու դեպքում անձամբ կմասնակցի Մուշ թաղամասի խնդիրների լուծմանը՝ խոստանալով արմատական փոփոխություններ և երկարաժամկետ լուծումներ․ «Սա ավելի շատ քննություն է մեզ համար, քան ընտրություն»։

Իսկ Կարեն Սիմոնյանը պատասխանեց ընտրողների հարցերին՝ անդրադառնալով Գյումրու ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարին։ Նա նշեց, որ այս հարցը ավագանու անմիջական լուծում չէ, սակայն դաշինքն այդ հարցը բարձրացնելու և դրա լուծման համար հետևողական է լինելու։

Նա հիշեցրեց , որ ազատ տնտեսական գոտու ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել՝ 7700 գյումրեցի ստորագրել է գաղափարի օգտին, և այն իրականության վերածելուց հետո կարող էնվազեցնել ապրանքների գները, բացել նոր աշխատատեղեր ու լուծել քաղաքի տնտեսական խնդիրները։

«Եթե մեր ծրագիրը իրականացվի, Գյումրին կազատվի աղետի գոտի պիտակից», -ասաց Կարեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր՝ կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ։

 

Սյուզաննա Խառատյան

Լուսանկարները՝ Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքի պաշտոնական էջից

Նորություններ