«Տղա ես ապացուցե, չապացուցեցիր, քո լեզվով, քո ժառգոնով ասում եմ՝ դու «ֆուֆլո ես»․Արտյոմ Ղարաղազարյանը՝ Սարիկ Մինասյանին | Region

«Տղա ես ապացուցե, չապացուցեցիր, քո լեզվով, քո ժառգոնով ասում եմ՝ դու «ֆուֆլո ես»․Արտյոմ Ղարաղազարյանը՝ Սարիկ Մինասյանին

Մարտ 25,2025 15:43

Գյումրու քաղաքապետի թեկնածուները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում։ ՔՊ-ից Սարիկ Մինասյանի երեկվա մեղադրանքին «Դեմոկրատական այլընտրանք»-ից հակընդեմ մեղադրանքով են հանդես գալիս՝ Սարիկ Մինասյանը Բալասանյանի ղեկավարման տարիներին  բաժնի վարիչ է աշխատել  քաղաքապետարանում ու լրացուցիչ տետր է պահել իր մոտ

Գյումրու քաղաքապետի ԺՊ  և քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ քարոզարշավի ժամանակ հայտարարարել է, թե Գյումրու քաղաքապետի ընտրություններին առաջադրված ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի  կացության քարտ ունի, որը իրեն թույլ է տալիս դիմել Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար։

Խոսքը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանի մասին է։

Այսօր «Դեմոկրատական այլընտրանք« կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը և Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում  կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանը մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ անդրադարձան Մինասյանի հայտարարությանը։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ Մինասյանի այդ հայտարարությունը ատելության խոսք է։ Նա նշեց, որ հայտարարությունում եղել են բազմաթիվ կեղծիքներ, որոնց իրենք ընթացք են տալու։

Նրա խոսքով՝ Սարիկ Մինասյանը մանիպուլյատիվ քարոզչության միջոցով փորձել է պատրանք ստեղծել․«Շատ զարմանալիորեն Հայաստանի ամենաապազգային կուսակցության ներկայացուցիչը փորձել է խիստ ազգային հռետորաբանություն զարգացնել։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս «ուսապարկերի» ընտրության հարցում զգույշ լինել»։

Արտյոմ Ղարաղազարյանն էլ պարզաբանեց՝ Թուրքիայի իր կացության քարտ ունենալը պայմանավորված է եղել աշխատանքային գործունեությամբ․«Ես էդ թուղթը չունիմ, ունեցել եմ։ Եվ ունեցել եմ ոչ թե «вид на жительство», այլ թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ էդ երկիրը մդնիմ, դուրս գամ, իմ գործունեությունս ծավալեմ, քանի որ Հայաստանի քաղաքացին էդ երկրում մնալու համար մեկ ամիս ժամանակ ունի։ Մեկ ամիս հետո, ինքը բդի լքե էդ երկիրը։ Քանի որ իմ գործերս կապված է էդ երկրի ու կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ժամանակ է եղել, որ ես ընդեղ երկու, երեք ամիս մնացել եմ իմ գործերի հետ կապված։ Էդ պատճառով էլ ես ունեցել եմ էդ թուղթը, որը հնարավորություն չի տալիս դիմել քաղաքացիություն ստանալու և էդ երկրում օրինական աշխատելու համար։ Իսկ Սարիկ Մինասյանին պարզ, ուղիղ ասում եմ՝ տղա ես ապացուցե, չապացուցեցիր, քո լեզվով, քո ժառգոնով ասում եմ՝ դու ֆուֆլո ես»։

Սուրեն Սուրենյանցը հեգնական պատասխան տվեց Սարիկ Մինասյանի հայտարարությանը, քանի որ, իր խոսքով ասած՝ նա խախտել է արժանապատիվ գյումրեցու կոդեքսը․«Օդում կախված լուրերի համաձայն Գյումրիում գրանցված 9 կուսակցություններից մեկի առաջին համարի հայրը զբաղված է վաշխառությամբ, և եթե վաշխառուն չինքնաբացահայտվի, մենք կբացահայտենք։ Մանավանդ որ այդ պատճառով Գյումրիում տոկոսի տակ լիքը «ճռացողներ» կան։ Օդում կախված լուրերի համաձայն, երբ Սարիկ Մինասյանը Բալասանյանի ղեկավարման տարիներին  բաժնի վարիչ է աշխատել  քաղաքապետարանում, լրացուցիչ տետր է պահել իր մոտ։ Ճշտեք իրենից, էդ տետրում ի՞նչ է ֆիքսված եղել, և ի՞նչու է նա աշխատանքից ազատվել»։

Սուրենյանցը վերջնաժամկետ դրեց՝ «եթե մինչև օրվա վերջ Սարիկ Մինասյանը ներողություն չխնդրի իր հայտարարության համար, պատասխան կտա դատական կարգով, որովհետև խաղացել է նաև կուսակցության հեղինակության հետ»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ