«Նման դեպքեր 15 օր շարունակ եղել են, իսկ իրավապահները նոր են սկսել քայլեր ձեռնարկել․այդ ձերբակալությունները ընդդիմադիրներին ճնշելու մեխանիզմներ են»․ Գայանե Գևորգյան | Region

«Նման դեպքեր 15 օր շարունակ եղել են, իսկ իրավապահները նոր են սկսել քայլեր ձեռնարկել․այդ ձերբակալությունները ընդդիմադիրներին ճնշելու մեխանիզմներ են»․ Գայանե Գևորգյան

Մարտ 28,2025 18:04

«Քարոզարշավը վերջին օրերին հասել է իր գագաթնակետին՝ խախտումների առումով։ Ակնհայտ էր վարչական ռեսուրսների օգտագործման խախտումները՝ համայքապետարանի աշխատակիցների զգալի մասն ու օրեր առաջ նշանակված մարզպետը արձակուրդում էին։ Գովազդային վահանակների անհամաչափ օգտագործումը և ատելության խոսքի տարածումը ևս լուրջ խնդիր են դարձել»,- այսպիսի կարծիք հայտնեց REGIONSTV-ի հետ զրույցում Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված «Եվրադաշինքի» ավագանու թեկնածու, փաստաբան Գայանե Գևորգյանը։

Ըստ նրա՝ քաղաքացիները ընտրություն կանեն երկու տարբերակով՝ որոշ մարդիկ ծրագրերով կընտրեն, մյուսները՝ անձերով պայմանավորված։

«Վերջին տարիներին մարդկանց հավատը ընտրությունների հանդեպ նվազել է», – ավելացրեց նա։

Գայանե Գևորգյանն անդրադառնալով քարոզարշավի ընթացքում արձանագրված շխնդիրներին ու խախտումներին, նշեց՝ այս ժամանակաշրջանում հատկապես նշանակալի են եղել իրավապահ մարմինների գործունեութունը․ «Երեկ «Մայր  Հայաստանի» և Մարտուն Գրիգորյանի շտաբներում տեղի ունեցած ձերբակալությունները, ակնհայտորեն ցույց են տալիս, որ ընդդիմադիրներին ճնշելու մեխանիզմներ են գործարկվում։ Դրանք տեղի են ունենում ընտրություններից ընդամենը 2 օր առաջ, և դա, բնականաբար, կապ ունի այն բանի հետ, որ ընտրարշավից դուրս թողնելու կամ ճնշում գործադրելու նպատակով քայլեր են ձեռնարկվում։ Այսպիսի գործողությունները, որպես փաստաբան, ես համարում եմ անմիջականորեն կապված իրավապահ մարմինների անգործության հետ, քանի որ նման դեպքեր արդեն 15 օր շարունակ եղել են, իսկ իրավապահ մարմինները նոր են սկսել քայլեր ձեռնարկել, ինչի մասին նախկինում լռել էին»։

Առաջադրված թեկնածուներից ոմանք քննադատում են «Եվրադաշինքի» հատկապես 102-րդ ռուսական ռազմաբազային վերաբերող ծրագրային դրույթը, Վարդան Ղուկասյանն օրինակ նշել է՝ «ուզում են ռազմաբազան հանեն»։

Այս առնչությամբ Գևորգյանը վստահեցրեց, որ համայնքային իշխանությունը լիազորություն չունի միջպետական պայմանագիր խզելու կամ ռազմաբազա հանելու հարցում։

«Սա մանիպուլյատիվ հայտարարություն է, մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը իրավահավասարությունն է։ Եթե շրջակայքի տնատերերը վճարում են հողի համար, ապա նույնը պետք է կիրառվի նաև ռազմաբազայի դեպքում։ Եթե դա տեղի չունենա, պետությունը պետք է փոխհատուցի, քանի որ Գյումրի համայնքի հողն է օգտագործվում»,- ասաց նա։

Ավագանու թեկնածուն ընդգծեց նաև անվտանգության հարցը՝ հիշեցնելով, որ ռազմաբազայից զինվորների փախուստներն ու ալկոհոլի օգտագործումը հանգեցրել են ողբերգական դեպքի․ «Եթե այս հարցերը կարևոր չեն մյուս թեկնածուների համար, ապա Գյումրիին առնվազն լավ չեն տիրապետում։ Մենք կարևորում ենք անվտանգությունն ու իրավահավասարությունը, ինչը նաև համայնքային բյուջեն կլցնի»։

Անդրադառնալով համայնքային խնդիրներին, նա նշեց՝ Գյումրիից արտագաղթը շատ մեծ ծավալների հասնում, քանի որ գործազրկության մակարդակը բարձր է, մարդիկ ստիպված են հեռանում քաղաքից։ Նա համոզված է, որ ներդրումային մթնոլորտ ստեղծելու համար պետք է հնարավորություն լինի, որպեսզի քաղաքացիները և օտարերկրացիները տեղյակ լինեն՝ Գյումրիում կան բարենպաստ պայմաններ ներդրումներ կատարելու համար․ «Գյումրու համայնքապետարանը ոչ սեփական նախաձեռնությամբ, բայց ինքը հնարավորություն ունի այդ ամեն ինչը կազմակերպելու, ամենակարևորը հարկային ու տեղական տուրքերի վարչարարությունը պատշաճ իրականացնելն է»։

Գևորգյանը նաև հավելեց, որ համայնքապետարանը պետք է զբաղվի տարածքների կանոնակարգմամբ, ինչը կնպաստի ներդրումների և աշխատատեղերի ստեղծմանը։

2021 թվականին ընտրական օրենսգրքում փոփոխություններ տեղի ունեցան, սահմանվեց, որ ոչ միայն համապետական, այլ նաև ՏԻՄ ընտրությունների համար պետք է ապահովել սեռերի համամասնությունը 30/70 հարաբերակցությամբ։ Գայանե Գևորգյանը ողջունում է կանանց ակտիվ մասնակցությունը ՏԻՄ ոլորտներում ու նշում, որ նրանք դեռ 21 թվականից աշխատել են կին ավագանիների և ակտիվ կանանց հետ՝ կազմակերպելով տեղեկատվական դասընթացներ․ «Ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, ես ակտիվ մնալու եմ այս գործում։ Եթե որևէ մեկը կարիք ունի տեղեկություն ստանալու, կարող է ազատորեն դիմել ինձ»։

Նա վստահեցնում է, որ կանայք շատ ավելի ողջամիտ լուծումներ են կարողանում առաջարկել խնդիրների լուծման տեսանկյունից, քան տղամարդիկ, օրինակ է բերում սեփական փորձը՝ նշելով, որ սկզբում հեռու էր համայնքային կառավարումից, բայց տարիների ընթացքում հասկացավ, որ ունի այդ ներուժը ու կկարողանա ներգրավվել այս գործընթացում։

Գայանե Գևորգյանը գյումրեցիներին կոչ արեց լինել տեղեկացված և կատարել ողջամիտ ընտրություն՝ ծրագրերի հիման վրա, այլ ոչ թե պոպուլիստական խոստումների ու ուտոպիստական գաղափարների հետևից գնալ․ «Մեր քաղաքացիները պետք է պատասխանատու լինեն իրենց ընտրության համար»։

Հիշեցնենք, որ Գյումրիում արտահերթ ընտրությունները կլինեն մարտի 30-ին, որին մասնակցում են 9 քաղաքական ուժ։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ