Բողոքի ակցիա Գետք գյուղում. վարչական ղեկավարին աշխատանքից հեռացրել են հարցազրույց տալու համար | Region

Բողոքի ակցիա Գետք գյուղում. վարչական ղեկավարին աշխատանքից հեռացրել են հարցազրույց տալու համար

Փետրվար 07,2024 14:02

Փետրվարի 7-ի առավոտյան Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք բնակավայրի բնակիչները փակել էին գյուղի ավտոճանապարհը: Նրանք նախորդ օրն էին հայտնել  իրենց բողոքի ակցիայի մասին: Պահանջում են, որ Շիրակի մարզպետարանից ու Ախուրյանի համայնքապետարանից հայտնեն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին 2 օր առաջ աշխատանքից հեռացնելու բուն պատճառը, ու նաև վերականգնեն նրան նախկին աշխատանքին: Գետքի վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին, ըստ գյուղացիների, աշխատանքից ազատել են լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի համար:

Նա ասել էր, որ իրենց գյուղի ամենամեծ խնդիրը կապված է գազաֆիկացման և ոռոգման ջրի հետ, ու սոցիալական այս խնդիրների պատճառով մարդիկ կարող են լքել գյուղը։ Ըստ նախկին վարչական ղեկավարի, այսօրվա դրությամբ խոսք կա, որ դպրոցը պիտի միացնեն հարևան գյուղի դպրոցին, ու եթե այդ միացումը եղավ, ապա ավելի շատ մարդ գյուղից կգնա:

Գյուղացիների պատմելով՝ հենց այս հարցազրույցից հետո Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները Աշոտ Շաբոյանին իրենց մոտ են կանչել  ու ստիպել, որ աշխատանքից ազատման դիմում գրի: Նա էլ գրել է:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հայտնել է, որ ինքը չի հարկադրել Աշոտ Շաբոյանին դիմում գրել:

Գյուղացիների կազմակերպած բողոքի ակցիային Աշոտ Շաբոյանը ներկա չի եղել: Մոտ 1 ժամ ճանապարհը փակ է մնացել, այն բացվել է ոստիկանների միջամտությամբ: Բողոքավորներին լսել է Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանը:

Գետքի բնակիչների խոսքով՝ անկուսակցական Աշոտ Շաբոյանը 6 ամիս է, ինչ գյուղի վարչական ղեկավարն է, ու իրենք բավականին առաջընթաց են տեսնում: Սեփական եկամուտների հավաքագրման 99 տոկոսանոց արդյունք է ապահովել գյուղն անցած տարի: Մարդիկ տարիներ շարունակ գյուղում չէին ու հարկեր չէին վճարում: Աշոտ Շաբոյանին հաջողվել է նրանցից նույնպես հարկեր հավաքել, որպեսզի հարկահավաքության բարձր ցուցանիշով գյուղը կարողանա օգտվել պետական սուբվենցիոն ծրագրերից:

Ըստ գյուղացիների, իրենք արդեն գիտեն, թե ում են նշանակելու Գետքի նոր վարչական ղեկավար: Նա գյուղի բնակիչ, ՔՊ-ական Նարինե Հարությունյանն է, որը գյուղի հարկահավաքն է եղել Աշոտ Շաբոյանի վարչական ղեկավար եղած ամիսներին: Գյուղացիները վրդովված են. կարող էին իրենց վարչական ղեկավարին նկատողություն անել, բայց ոչ միանգամից աշխատանքից հեռացնել:

Կարինե Կազարովա

Նորություններ