Հայազգի երգիչը՝ Բելգիայի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում | Region

Հայազգի երգիչը՝ Բելգիայի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում

Փետրվար 07,2024 15:50

Բելգիայում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը մասնակցել է «Սթարմեյքեր» էստրադային շոու ծրագրին և դուրս եկել եզրափակիչ փուլ:

Խանջարյանը հայ հանդիսատեսին առավել հայտնի դարձավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների օրերին, երբ «մենահամերգներով» հանդես էր գալիս Բրյուսելի իր բնակարանի պատշգամբում:

«Այս մրցույթում հայտնվեցի շատ պատահական, քանի որ մայրիկս ինձ գրանցել էր առանց տեղյակ պահելու: Պատկերացրեք, ինչպիսին էր զարմանքս, երբ բելգիական հայտնի հեռուստաալիքը կապ հաստատեց ինձ հետ և հայտնեց, որ ընտրվել եմ հաղորդման նախընտրական փուլ և պետք է ներկայացնեմ իմ երաժշտական կարողությունները»,-ասել է Տիգրան Խանջարյանը համերգից հետո տված հարցազրույցի ժամանակ։

«Սթարմեյքերը» նախագիծ է, որի ընթացքում մասնակիցները նմանակում և հարգանքի տուրք են մատուցում փոփ երաժշտության աստղերին։ Թեկնածուները պետք է փորձեն վերարտադրել հայտնի երգիչների ստեղծագործությունները և իրենց կատարումներով հուզել  հանդիսատեսին։

«Մինչ հաղորդմանը մասնակցելը, անցել եմ երկու նախընտրական փուլ, որտեղ ներկայացրել եմ Մեծն Շարլ Ազնավուրի, Ջոնի Հալիդեյի, ինչպես նաեւ մի շարք այլ հայտնի երգիչների ստեղծագործություններից։ Ոգևորված էի, քանի որ առաջին անգամ էի նման մրցույթի մասնակցում։ Ավելի քան 3500 թեկնածուներից ընտրվեցին միայն 72-ը»,-հայտնել է նա ու ավելացրել. «Ճնշումը մեծ է ինչպես բեմում, այնպես էլ կուլիսներում, քանի որ միայն մեկ թեկնածու պիտի շարունակի արկածախնդրությունը մինչև մեծ եզրափակիչ, որտեղ կընտրվի լավագույնը։ Ես ընդգրկված եմ ֆրանսիացի սիրված երգիչ Քենջիի խմբում, և մեր եռյակի անդամներով կատարել ենք նրա հայտնի «Անդալուզ» երգը։ Հաղթող եմ ճանաչվել, այնուհետև իր մեկ այլ՝ «Մոր աչքերը» ստեղծագործության կատարմամբ անցել եզրափակիչ»:

«Անկեղծ ասած, ցանկությունս անչափ մեծ էր դուրս գալ եզրափակիչ: Նախ՝ գտնվելով օտարության մեջ, շատ էի ուզում որպես հայ բարձր պահել մեր ազգի պատիվը, և միաժամանակ, Եվրոպայում երաժշտական կարիերաս շարունակելու համար դա կարևոր հանգամանք էր։ Ներքին ձայնս ինձ ասում էր, որ առաջին փուլը կհաղթահարեմ, բայց չեմ կարող թաքցնել, որ եզրափակիչ հասնելը մեծ ոգևորություն և ուրախություն պատճառեց»,- նշել է նա և ավելացրել. «Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ հայ ժողովրդից, իմ հետևորդներից ինձ հետևելու և բարոյական աջակցություն ցուցաբերելու համար: Այն, որ արդեն եզրափակիչում եմ, ինձ պարտավորված եմ զգում, քանի որ յուրաքանչյուր հայի համար մեծ հպարտություն է իր ազգի նվաճումները։ Ու կարևորը, բելգիական ամենամեծ շոու ծրագրին մասնակցելն է, որտեղ մինչև 25 000 հանդիտատես կլինի։ Հաղթելու դեպքում ես ինձ երջանիկ կզգամ, որ ազգիս հպարտանալու առիթ եմ տվել»։

Տիգրան Խանջարյանը ծնվել է Ֆրանսիայում. մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Բելգիա: Երիտասարդ երգիչն ի սկզբանե զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով, եղել է «Փյունիկ» ակումբի դարպասապահը, բայց լուրջ վնասվածքը նրան ստիպել է հեռանալ սպորտից:

Երգարվեստով սկսել է զբաղվել ընդամենը մի քանի տարի առաջ, սկսել է սիրողական մակարդակից, վոկալի պարապմունքներն անցկացրել է հոր հետ, ով տարիներ առաջ նույնպես երգել է: Տիգրան Խանջարյանը երաժշտական տարբեր ոճերում է հանդես գալիս, կարճ ժամանակում հասցրել է  նվաճել երաժշտասերների համակրանքը:

Տիգրան Խանջարյանը 3 համերգ է ունեցել Երեւանում, եւ բազմաթիվ համերգներ Բելգիայում, Ֆրանսիայում եւ Լյուքսեմբուրգում:

 

Կարինե Կազարովա

Նորություններ