Պուտինի հարցազրույցը Կառլսոնին | Region

Պուտինի հարցազրույցը Կառլսոնին

Փետրվար 09,2024 11:21

Տարբեր հարթակներում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը։ 2022 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում ծավալած ռազմական գործողություններից ի վեր սա Պուտինի առաջին հարցազրույցն էր արևմտյան լրագրողի հետ։

Հրապարակումից ընդամենը յոթ ժամ անց միայն X սոցիալական հարթակում Թաքեր Կառլսոնի էջում ավելի քան 2 ժամ տևող հարցազրույցն ուներ 59 միլիոն դիտում։

Հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, 21-րդ դար, ուկրաինական հեղափոխություն, ՆԱՏՕ-ի ընդլայնում և այն իրադարձությունները, որոնց պատճառով Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում։

Վլադիմիր Պուտինը նշում է, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները դադարեն զենք ուղարկել Կիևին։ Հարցազրույցի ընթացքում Պուտինը մի քանի անգամ նշում է, որ «Ռուսաստանը չի սկսել պատերազմն Ուկրաինայում, այլ փորձում է ավարտել այն»։

Բացի այդ, Կրեմլի ղեկավարը նշում է, որ որևէ շահագրգռվածություն չունի տարածել իր ռազմական գործողություններն այլ երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում և Լատվիայում։

Հարցին՝ արդյոք նա պատկերացնում է մի սցենար, որի դեպքում ռուսական զորքեր կուղարկեր ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Լեհաստան, Պուտինը պատասխանում է․ «Միայն մի դեպքում՝ եթե Լեհաստանը հարձակվի Ռուսաստանի վրա»։

ՌԴ նախագահը հայտնում է, որ Ուկրաինայում Մոսկվան առայժմ չի հասել իր նպատակներին, որոնցից մեկն էլ դենացիֆիկացումն է։ Իսկ Կառլսոնի հարցին, թե ինչպես է նա պատրաստվում վերացնել այդ մշակույթը և գաղափարախոսությունը մի երկրում, որն ինքը չի վերահսկում, Պուտինը պատասխանում է, որ դա «կարելի է անել բանակցային գործընթացի միջոցով»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտելու շուրջ բանակցություններին, ՌԴ նախագահը նշում է, որ պատրաստ է երկխոսության և բանակցելու, սակայն դրանից հրաժարվում է Ուկրաինան։ Վլադիմիր Պուտինը շեշտում է, որ վերջին 2 տարիներին Ուկրաինային ամենաշատ ֆինանսական աջակցությունը ցուցաբերող ԱՄՆ-ի շահերից ևս չի բխում հակամարտության շարունակումը՝ հաշվի առնելով երկրի պետական պարտքը՝ 33 տրիլիոն դոլարի չափով, սահմանին տիրող իրավիճակը, միգրացիայի հետ կապված խնդիրները։

«Մի՞թե այլ անելիք չունեք։ Մի՞թե ավելի լավ չի լինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Համաձայնության գալ՝ հասկանալով իրավիճակը, որը ստեղծված է այսօրվա դրությամբ, հասկանալով, որ Ռուսաստանը մինչև վերջ կպայքարի իր շահերի համար, և վերադառնալ առողջ դատողության, սկսել հարգել մեր երկիրը և նրա շահերը և լուծումներ գտնել։ Կարծում եմ, դա շատ ավելի խելացի և ողջամիտ է», – նշում է Վլադիմիր Պուտինը։

Թաքեր Կառլսոնը հարցազրույցի վերջում բարձրացնում է նաև Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով կալանավորված լրագրող Էվան Գերշկովիչի հնարավոր ազատման հարցը։ Wall Street Journal-ի լրագրողն արդեն մեկ տարի է՝ բանտարկված է Ռուսաստանում։ Պուտինը չի բացառել, որ Գերշկովիչը կարող է վերադառնալ հայրենիք։

«Ի վերջո, նրան Ռուսաստանի բանտում պահելու իմաստ չկա», – ասում է Պուտինը՝ հավելելով, որ երկու երկրների հատուկ ծառայությունները շարունակում են այդ թեմայով շփումները։

Պուտինն ակնարկել է, որ Գերշկովիչի վերադարձը կարող է տեղի ունենալ բանտարկյալների հնարավոր փոխանակման շրջանակներում։

 

Նորություններ