ԵՄ-ն և Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման հեռանկարը
Բրյուսելում փետրվարի 13-ին կկայանա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ հանդիպումը, որը կանդրադառնա երկկողմ հարաբերություններին և քաղաքական հարցերին։ Այդ մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն և Հայաստանը տեսակետներ կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վիճակի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործընկերության առավել հավակնոտ օրակարգ առաջ մղելու հնարավորության վերաբերյալ:
Կքննարկվեն քաղաքական երկխոսության ու բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային վերաբերող հարցերը, շարժունակության և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:
Այնուհետև մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, ներառյալ՝ տարածաշրջանային հարցերի և արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ:
Գործընկերության խորհուրդը կնախագահի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը»,- ասված է հայտարարության մեջ։