2022 և 2023 թվականներին պարգևավճար ստացած աշխատողների ցուցակը հրապարակելու պահանջ է հնչել Գյումրիի քաղաքապետարանում | Region

2022 և 2023 թվականներին պարգևավճար ստացած աշխատողների ցուցակը հրապարակելու պահանջ է հնչել Գյումրիի քաղաքապետարանում

Դեկտեմբեր 26,2023 18:53

Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատումից առաջ, համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային լսում: Լսմանը բավականին ակտիվ էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները. ԱԺ պատգամավորներ, Գյումրիի ավագանու անդամներ: Հիշեցնենք, ՔՊ-ն օրեր առաջ խզել էր կոալիցիոն պայմանագիրը «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցության հետ ու հիմա ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, հետաքրքրություն ցուցաբերելով քաղաքին առնչվող գրեթե բոլոր հարցերի քննարկմանը:

Հաջորդ տարվա բյուջեն որոշ չափով ավելացել է 2023-ի բյուջեի համեմատ և կազմում է 5 մլրդ 767 մլն 500 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ 931 մլն դրամով ավելացել է պետական բյուջեից հատկացվող դոտացիան:

Ըստ Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանի, այդ գումարի մի մասը կուղղեն համայնքապետարանի ապարատի և բնակկոմունալ բաժնի աշխատողների աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացմանը: Բարձրացումը չի վերաբերի Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերին: Ինչո՞ւ, որովհետև, ըստ Լենա Ջիլավյանի, հանրապետությունում ամենացածրը Գյումրիի համայնքապետարանի գլխավոր մասնագետների աշխատավարձն է՝ 91.000 դրամ և այս բարձրացումից հետո, նրանց աշխատավարձը նոր կհավասարվի համայնքապատկան ՀՈԱԿ-ների տնօրենների աշխատավարձերին:

Գյումրիի 2024 թվականի բյուջեից 67 մլն դրամ հատկացվել է աշխատողների 13-րդ աշխատավարձի և պարգևավճարների վճարմանը:

«Առաջակում եմ, մինչև 2024-ի բյուջեի հաստատման ավագանու նիստը, այսինքն, առաջիկա 2 օրում հրապարակել 2022 և 2023 թվականներին պարգևավճար ստացած քաղաքապետարանի աշխատողների ցուցակը»,-նշեց Վարդևան Հակոբյանը և ավելացրեց. «Որպեսզի հանրությունը տեսնի, թե ո՛ր աշխատողին, ինչ աշխատանքի համար, ինչպե՞ս է խրախուսել քաղաքապետարանը, ու որպեսզի ՔՊ-ականներն էլ չասեն, թե մեզ հասանելի չեն քաղաքապետարանի ֆինանսական փաստաթղթերը»:

Քաղաքապետը սկզբում դեմ արտահայտվեց այս առաջարկին, հետո էլ, ո՛չ հաստատեց, ո՛չ էլ մերժեց այն:

Խոսք գնաց նաև քաղաքապետարանին բնակիչների և այլ կառույցների ունեցած պարտքերի մասին: Այս բազան ճշգրտումների կարիք ունի, իսկ ձևավորված հանձնաժողովը չի աշխատում:

Եկամուտների հավաքագրման գործում հիմնական խնդիրները, ըստ Լենա Ջիլավյանի, աղբահանության վճարների հավաքագրումներում թերացումներն են: Աղբահանության բազաներում եղած անճշտությունները վերացված չեն, Գյումրիում 150.000 մարդ է հաշվառված, բայց աղբահանության բազայում բնակիչների հաշվարկային թվաքանակը 76.000 է, նրանցից էլ հնարավոր չի լինում աղբահանության վարձը գանձել ամբողջությամբ:

Բազան կարգավորել է պետք, եղած ցուցակներում նաև տարիներ առաջ հաշվառումից դուրս եկած անձինք են, կամ էլ նույն մարդը մի հասցեում է հաշվառված, բայց նրա անունով 2 տեղում է աղբավճարի թիվ հաշվարկվում: Խոստացան, որ հանձնաժողովը կուսումնասիրի և վերջապես կկարգավորի աղբահանության բազան նույնպես:

Կարինե Կազարովա

Նորություններ