Գյումրիում միլիարդների գույքեր չեն օգտագործվում, փլուզվում ու քանդվում են | Region

Գյումրիում միլիարդների գույքեր չեն օգտագործվում, փլուզվում ու քանդվում են

Դեկտեմբեր 27,2023 18:55

Գյումրիում կան համայնքապատկան գույքեր, որոնք վաճառքի էին հանվել 2023 թվականին, բայց մի շարք գործոններով պայմանավորված, դրանց վաճառքը չի կայացել: ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով ներկա էր 2024 թվականի բյուջեի հանրային լսմանը, հետաքրքրվեց, թե հաջորդ տարի քաղաքապետարանը ի՞նչ գույքերի վաճառք է պլանավորել և ինչո՞ւ 2023 թվականին դրանք չեն վաճառվել:

Գյումրու քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը նշեց, որ մի շարք հանգամանքներ են դրան խանգարել, մասնավորապես, պատերազմը, դրսից որոշ գործոններ, որոշ գույքերի մասով 2 անգամ մրցույթ է հայտարարվել, բայց գնորդ չլինելու պատճառով մրցույթները չեն կայացել: Օրինակ բերվեց նաև Գյումրու Ճերմակ հիվանդանոցը, որը օտարման ենթակա ամենախոշոր գույքն է քաղաքում:

«Մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ գույքեր ունենք օտարման: Գիտեմ, անցած տարի հանձնաժողով էր կազմվել դրանք ճշտելու համար, բայց հանձնաժողովը չաշխատեց, անհասկանալի պատճառներով էլ Գյումրիի Ճերմակ հիվանդանոցը վարձակալության չտրամադրվեց ու որոշվեց վաճառքի հանել»,-ասում է Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն ու ավելացնում. «Անհասկանալի պատճառով հանրային քննարկում տեղի չունեցավ, արտաքին գործոններով պայմանավորված շենքը չտրվեց վարձակալությանև վաճառքի էլ չհանվեց: Այստեղ ավելի շատ սուբյեկտիվ գործոններ կան, քան օբյեկտիվ»:

Ըստ Վարդևան Հակոբյանի, դրանից համայնքը տուժեց: Հիշեցնենք, ավելի քան 1 տարի առաջ ներկայացված առաջարկներից մեկով նախատեսվում էր նախկին Ճերմակ հիվանդանոցի շենքում մասնավոր հիվանդանոց բացել, ինչը, եթե ժամանակին թույլ տային, ապա հիմա բացված կլիներ: Բայց 1 տարի առաջ որոշվեց շենքը վաճառել, այն գնահատվել էր մոտ 1 մլրդ դրամ: Հետագայում որոշվել էր վերագնահատում անել, ինչը մինչև հիմա չի արվել:

Հնչեցին հարցեր, որոնց պատասխանները քաղաքապետարանը չուներ. օրինակ այն, թե ո՞վ թույլ տվեց, որ նախկին հիվանդանոցի շենքը ոչ թե վարձակալության տրվի, այլ վաճառքի հանվի:

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խոսքով, հիմա գույքի գնահատման մրցույթ է հայտարարվել, որպեսզի ճիշտ գնահատում կատարվի:

Վարդևան Հակոբյանի դիտարկմամբ, Գյումրիում միլիարդների գույքեր կան, որոնք պատշաճ ցուցակագրված չեն, չեն օգտագործվում, փլուզվում ու քանդվում են: Որոշեցին, որ քաղաքի գույքն ուսումնասիրող հանձնաժողովն այսուհետ աշխատելու է:

Կարինե Կազարովա

Նորություններ