ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը հայտնել է Ալեքսեյ Նավալնու մահվան մասին
Ռուսաստանի Յամալո-Նենեցյան Ինքնավար Մարզի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակը հայտնել է քաղաքական գործիչ, ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնու մահվան մասին։
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել ՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները, և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Մահվան պատճառները պարզվում են»,- ասվում է դաշնային քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։ ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ արդեն սկսել են բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված դատավարական ստուգումներ իրականացնել Նավալնու մահվան կապակցությամբ՝ ներառյալ քննչական և օպերատիվ գործողությունները:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ծառայությունը ստուգում է Նավալնու մահվան հետ կապ ունեցող բոլոր տեղեկությունները: Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինին արդեն զեկուցել են քաղաքական գործչի մահվան մասին: