Հույս եմ հայտնել՝ որակական այդ նշաձողը ոչ միայն պահպանվելու է, այլև ավելի է բարձրացվելու. Պապիկյանը՝ ատեստավորման մասին | Region

Հույս եմ հայտնել՝ որակական այդ նշաձողը ոչ միայն պահպանվելու է, այլև ավելի է բարձրացվելու. Պապիկյանը՝ ատեստավորման մասին

Փետրվար 26,2024 16:45

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ ընդգծել եմ գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ։

Խոսելով նախորդ տարվա ընթացքում ատեստավորված բարձրաստիճան սպաների դրական արդյունքների և քննական հանձնաժողովների առավելագույն օբյեկտիվության մասին՝ հույս եմ հայտնել, որ որակական այդ նշաձողը ոչ միայն պահպանվելու է, այլև ավելի է բարձրացվելու, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալու ունենալ ամրակազմ, կեցվածքով ձիգ, մասնագիտորեն պատրաստված և առաջադրված խնդիրները լիարժեք կատարելու ունակ զինծառայողներ, որոնք իրենց արդյունքներով միաժամանակ դրական օրինակ են ծառայելու ենթակաների համար։

Ատեստավորման առաջին օրը՝ փետրվարի 26-ին, բարձրաստիճան սպաները, ըստ տարիքային խմբերի նախատեսված նորմատիվների, հանձնել են ստուգարքներ ֆիզիկական պատրաստությունից՝ ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Զուգահեռ` սպայակազմի մյուս խումբը հանձնել է նորմատիվներ շարային պատրաստությունից՝ զենքով և առանց զենքի։

Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են»,- գրել է նախարարը։

Նորություններ