Հայաստանը մենակ չէ, Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է. Անդրեյ Կովաչև
Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը:
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի բարեփոխումներին՝ ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ժողովրդավարությանը: Մենք տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև թշնամության վերացման կողմնակից ենք:
Պետք է նշել Ռուսաստանի ցինիկ պահվածքը: Հայաստանը հույսը դրեց նրա հանձնառության վրա և խաբվեց: Տրամաբանորեն սա հանգեցրեց նրան, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը սառեցրեց իր երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը երբեք ազնիվ ընկեր ու դաշնակից չի եղել Հայաստանի համար և միշտ հետևել է իր իմպերիալիստական ծրագրերին տարածաշրջանում ու աշխարհում:
Մյուս կողմից Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում քաղաքական կայունության և տնտեսական բարգավաճման հարցում: Այս տեսանկյունից ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը ճակատագրական է: ԵՄ-ն զարգացման ամենամեծ դոնորն է Հայաստանում, առևտրային երկրորդ գործընկերը: ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ամուր և բազմակողմանի չեն եղել, և գործընկերային համաձայնագիրը Հայաստանն օգտագործում է ներքին բարեփոխումների իրականացման համար:
Միաժամանակ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները խոչընդոտում են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումն ու կայունությունը տարածաշրջանում:
Ես աջակցում եմ վարչապետ Փաշինյանի ջանքերին Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումներ անցկացնելու հարցում՝ հասնելու խաղաղության երկու հարևանների միջև, հետևելով երեք սկզբունքին՝ ուժի չկիրառում, հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշում:
Մենք Հայաստանի հետ պետք է խորացնենք հարաբերությունները տնտեսական, ֆինանսական, սոցիալական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում: Հայաստանը մենակ չէ, մենք պետք է հնարավորինս շուտ տրամադրենք վիզայի ազատականացումն այդ հանրապետությանը: Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է»,- ասել է Կովաչևը:
Բուլղարացի պատգամավորը խոսքն ավարտել է հայերեն. «Աստված պահապան Հայաստանին»: