ՀՀ–ի դիրքորոշումը Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է. Ռուբինյան
Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական համաժողովի պանելային քննարկման ժամանակ արձագանքել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պնդումներին:
Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն, ասել է Ռուբինյանը:
«ՀՀ-ի դիրքորոշումը Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է «Խաղաղության խաչմերուկում»։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- նշել է Ռուբինյանը:
Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին և նշել, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա: