PWL․ Վազգեն Թևանյանը պարտության է մատնել ադերբեջանցի մրցակցին
Հնդկաստանում անցկացվող ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի (PWL) շրջանակում հայ մարզիկները սկսել են իրենց ելույթները։ Երկարատև դադարից հետո՝ 2026 թվականի հունվարին վերաբացված մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատարներն ընդգրկվել են տեղական տարբեր ակումբների կազմերում։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) տպավորիչ հաղթանակով է նշանավորել իր մասնակցությունը։ Մումբայը ներկայացնող «Maharashtra Kesari» թիմի կազմում հայ ըմբիշը ուժերը չափել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Ռահիմզադեի հետ։ Լարված պայքարում Թևանյանին հաջողվել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ գոտեմարտը ավարտելով 5-2 հաշվով։ Հատկանշական է, որ հայ մարզիկը վճռորոշ միավորները վաստակել և հաղթանակը կորզել է հանդիպման վերջնամասում։
Մրցումային օրը, սակայն, պակաս հաջող էր Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Արման Անդրեասյանի համար։ 2024 թվականի Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի բրոնզե մեդալակիրը, որը հանդես է գալիս «UP Dominators» թիմի կազմում (մինչև 74 կգ քաշային կարգ), չի կարողացել հաղթահարել տանտերերի դիմադրությունը։ Հնդիկ ըմբիշ Չանդերմոհանի հետ գոտեմարտում Անդրեասյանը զիջել է 5։12 հաշվով։
Նշենք, որ Pro Wrestling League-ը (PWL) Ասիայի ամենահեղինակավոր և դիտարժան պրոֆեսիոնալ լիգաներից է, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Մրցաշարը մոտ 7 տարվա դադար էր վերցրել (վերջին անգամ անցկացվել էր 2019թ․-ին) և իր գործունեությունը վերսկսել է միայն 2026 թվականի սկզբին։
