ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին ռազմական էսկալացիան, չնայած նշում է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն էականորեն աճել է
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը գրեթե անհավանական է համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական է համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։ Սա վստահեցնում է արտաքին հետախուզության ծառայությունը, որը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերը 2026թ․ տարեկան զեկույցը։
Ծառայությունը նշում է, որ 2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։
Ըստ ծառայության վերլուծության՝ 2026 թվականին, մեծ հավանականությամբ, նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս, մեծ հավանականությամբ, առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը։
«Միևնույն ժամանակ սակայն, 2026 թվականին կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վնասակար գործողությունների ռիսկերը։ Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը»,-նշում է ծառայությունը։
Բացի այս, ծառայությունը նկատում է, որ «երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»։
2026 թվականին Ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։

Ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին։


Ծառայությունը համեմատել է Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի հետ համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել։
