Ի՞նչ խնդիրների են բախվում ՀՀ տարբեր մարզերում հաստատված արցախցիները, ինչո՞ւ է դանդաղում ինտեգրումը
Արցախից բռնի տեղահանված Ռուզաննա Գևորգյանի բազմանդամ ընտանիքը հաստատվել է Սևան քաղաքում։ Ամուսնու հետ միասին ամսական 100 հզր․ դրամով փոքրիկ շինություն են վարձակալել, հաց են թխում և վաճառում։
2023թ․-ի սեպտեմբերի 25-ին են տեղահանվել Ստեփանակերտից։ Ամուսիններն իրենց 5 երեխաների հետ դժվարությամբ են հասել Հայաստան։ 4 տղաներից 3-ն այդ օրերին մարտական դիրքերում են եղել, մինչև վերջին պահը ծնողները նրանցից տեղեկություն չեն ունեցել։
Տիկին Ռուզաննան Regions TV-ի հետ զրույցում նշում է՝ աշխատող մարդն ամեն տեղ էլ մի գործ կգտնի, սակայն 9 հոգանոց ընտանիքի համար շատ բարդ է, քանի որ Սևանում 100 հզր․ դրամ էլ բնակարանի վարձակալության համար են վճարում, իսկ սեփական տուն ձեռք բերել չեն կարող։
Նրա խոսքով՝ արցախցիներից շատերը փաստաթղթային և բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, հետևաբար չեն կարողանում վարկ վերցնել, որպեսզի ավելացնեն բնակապահովման ծրագրով նախատեսված գումարի վրա։
Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, մարզում 865 տեղահանված ընտանիք կա՝ 2879 մարդ։ Ի սկզբանե մարզում 6000 արցախցի է եղել, սակայն աստիճանաբար այդ թիվը նվազել է։ Պատճառները շատ են․ բնակլիմայական պայմանները, զբաղվածության խնդիրը, ցածր աշխատավարձը, ներքին անհանգստությունը և այլն։
Ընդհանրապես, տեղահանված անձանց ինտեգրման գործընթացը շատ դանդաղ տեմպեր ունի։ Պատճառները տարբեր են․ ըստ փորձագետ Սաթիկ Բադեյանի, դրանցից հիմնականը սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
