«Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված»․ Թորոսյանի գրառումը վրդովվեցրել է բազմաթիվ քաղաքացիների
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Արցախում մնացած 10-ը հայերի վերադարձի մասին, դժգոհության ալիք է բարձրացրել։ Բանն այն է, որ Թորոսյանը Արցախ կամ Լեռնային Ղարաբաղի փոխարեն օգտագործել է Ադրբեջան անվանումը․ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով»։
Սոցիալական ցանցում շատերը հակադարձում են Թորոսյանին։
«Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։ Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։
Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։
Ոչ թե հողը, այլ մանկությունը։
Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։
Ղարաբաղը Ադրբեջան չէ։
Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել,
Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք»,-գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Թորոսյանի այդ գրառման տակ երեք հարյուրից ավելի մեկնաբանություններ կան, որով մարդիկ իրենց վրդովմունքն են արտահայում։
Մեկ այլ օգտատեր՝ Իրինա Հայրապետյանն էլ Թորոսյանի գրառմանն այսպես է արձագանքել. «Այս հայտարարությունը այնքան ինֆորմացիա չէր պարունակում, որքան ազգային արժեքների պղծում։ 2 տարվա մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) դարձավ Լեռնային Ղարաբաղ (ԼՂ), այնուհետև Ղարաբաղ, իսկ հիմա արդեն Ադրբեջանի Հանրապետություն։ Այս ամենը 2 տարվա մեջ, մինջդեռ 30 տարի նրանք ոչ մի անվանում, տերմին ու մոտեցում չեն փոխել»։
Անի Բաբայան օգտատերն էլ նշում է․« Արցախը ադրբեջանի հանրապետություն չի։ Միայն թուրքերի համարա էդպես, դուք էլ մտնում եք դրանց մեջ»։
«Էն մարդամեկը Արևյմտյան Ադրբեջան է առաջ տալիս միջազգայնորեն ճանաչված պետության տարածքում, սրանք ինչքան ուժ ունեն Արցախը Ադրբեջան են ճանաչում»,-գրել է մեկ այլ օգտատեր:
«Դուք վախեցեք, մենք ԱՐՑԱԽ կասենք ԱՐՑԱԽ», «Ադրբեջանի հանրապետությունում Ղարաբաղու՞մ…չե՞ք ամաչու՞մ։ Բա մի ժամանակ ասում էիք Արցախը Հայաստան է և վերջ…վախկոտ շներ…», «Արցախ, բռնի տեղահանում․․․ Պատճառն էլ գրեք, թե՞ միակ ուղղին ձեզ համար փախուստն է իրականությունից»։
«2020-ի սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի հանրապետուրյունը իրականացրել է ցեղասպանություն Լեռնայի Ղարաբաղի հայերի հանդեպ։150 000 էթնիկ հայ լքել է իր բնօրրանը, դառել տնավեր։ Ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ՀՀ լուռ համաձայնության ներքո։ 2,5 տարի է անցել Հայաստանը ոչ միայն չի բարձրաձայնում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության թեման դեռ մի բան էլ ավելի օգնում է ադրբեջանին ,,սրբագրել” պատմությունը»:
«Arsen Torosyan ինչպիսի համարձակություն, փակագծերում (Ղարաբաղ), գուցե ադրբեջաներեն գրեիք, հանկարծ չնեղվեն ձեր սիրելի ազերիները»։
Մարդիկ նմանատիպ բովանդակությամբ մեկնաբանություններ են գրում Թորոսյանի գրառման տակ։
Շատերն անգամ վիրավորական բառերով են արտահայտում իրենց վրդովվմունքը, ոմանք էլ ՀՀ տեղափոխվող տասը հայերի մասին են բացասական արտահայտվում, կասկածի դնելով, թե «ինչո՞ւ էին մնացել Ղարաբաղում»։

