Պատմությունը կերտված է․ ֆուտզալի Հայաստանի հավաքականը դրամատիկ խաղում հաղթեց Չեխիայի հավաքականին՝ դուրս գալով ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակիչ
Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի երկրորդ տուրում կամային հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանու նկատմամբ (5:4)։
Չնայած հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց չեխ Դավիդ Դրոզդը, մեր ընտրանին արագ պատասխանեց Վլադիմիր Սանոսյանի գոլով՝ 3-րդ րոպեին, իսկ արդեն 7-րդ րոպեին Նիկիտա Խրոմիխը առաջ մղեց Հայաստանի հավաքականին։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 19-րդ րոպեին, Թոմաշ Կուդելկան դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:1։ 24-րդ րոպեին Միկուս Ֆրանսիսկոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 31-րդ րոպեին մեկ րոպեի ընթացքում Արթուր Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը հաշիվը դարձրեցին 5:2, իսկ վերջինս ձևակերպեց դուբլ։
Հանդիպման ավարտին՝ 38-րդ և 40-րդ րոպեներին, չեխերը կարողացան ևս երկու գոլ հետ բերել, սակայն դա չփոխեց հանդիպման ելքը, և մեր թիմը հաղթեց 5:4 հաշվով։
Այսպիսով, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Վերջին տուրում մեր ընտրանին կմրցի Լիտվայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա հունվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 22:30։
Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի B խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

