Տավուշի գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ` հայության պատմության գիրքը փակել. Բագրատ Սրբազան | Region

Տավուշի գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ` հայության պատմության գիրքը փակել. Բագրատ Սրբազան

Մարտ 17,2024 21:43

Խոնարհ հարսի նման գլուխներս կախ պիտի թույլ տանք, որ մեր հայրենիքը հանձնվի՞, թե՞ պետք է ընդդիմանանք, կտրենք այդ ձեռքը, որ փորձում է մեր տունը խառնել, նախօրեին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգությունից առաջ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Տավուշ աշխարհից, այսպես կոչված, 4 գյուղեր, հետո անշուշտ հերքելով, որ գյուղեր չեն դրանք, տարածքներ են, տրվելու են թշնամուն: Դա ոչ միայն թշնամական պահանջ է, այլ նաև, ցավոք սրտի, ՀՀ կառավարության ու նրա ղեկավարի թուլակամության ու, կարող եմ հստակ ասել, հայրենիք չունենալու հոգեբանության արտահայտությունն է»,- ասել է նա:

Սրբազանի խոսքով՝  որևէ մեկն իրավունք չունի հանձնել իր հայրենքի որևէ տարածք:

«Հիմա էլ ասում են՝ ոչ, գյուղեր չենք հանձնում, տարածքներ են դրանք: Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ խան ես, ո΄չ թագավոր ես, ո΄չ էլ գնել ես այդ հողերը, որ հիմա էլ հանձնում ես կամ փորձում ես հանձնել: Գյուղ են, թե գյուղ չեն, որևէ կարևորություն չկա, մեր հայրերի ու եղբայրների արյունն ավելի շատ է այստեղ, այս հողերը, դաշտերը արյունով են անընդհատ ոռոգվել ջրի փոխարեն»,-  ընդգծել է Տավուշի թեմի առաջնորդը:

Սրբազանն ասել է` Տավուշի գյուղերի հանձնումը կլինի ոչ թե պատմության վերջին էջը շրջել, այլ` հայության պատմության գիրքը փակել:

«Հուսախաբ անեմ ձեզ, չի՛ լինելու այդպես, ինչ միջոցներ էլ գործադրեք՝ խաբեք, մանիպուլացնեք, ժողովրդին պատերազմով վախեցնեք: Մենք ձեզ հետ պատերազմ չենք կարող գնալ, տեսել ենք ձեր վարած պատերազմը, ՀՀ կառավարություն և նրա գլուխ»,- նշել է Սրբազանը:

Նորություններ