Տուն սահմանին․ ովքե՞ր են օգտվում 16 մլն դրամի ծրագրից և ե՞րբ է այն վերագործարկվելու
Վերջերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել էր, որ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում 2300 տուն է կառուցվում։
2022թ․-ին մեկնարկած պետական ծրագիրը, որով 16 մլն դրամ է հատկացվում սահմանամերձ գոտում տուն կառուցելու համար, 2024 թ․-ի հուլիսից կասեցվել է։ Որպես պատճառ նշվում է հայտերի մեծ քանակը։ Այն շարունակել է գործել միայն Տավուշի մարզի 4 գյուղերում՝ Կիրանցում, Բաղանիսում, Բերքաբերում և Ոսկեպարում։
Առաջիկայում նախատեսվում է որոշակի պայմաններով վերագործարկել ծրագիրը։
1100 բնակիչ ունեցող Սոթք գյուղում իրավիճակն այլ է, իսկ մյուս սահմանամերձ գյուղերում ծրագրից օգտվողների հիմնական մասը եղել են մեծ ընտանիքներից առանձնացողները և վարձակալությամբ ապրող երիտասարդ ընտանիքները։
Վարդենիս համայնքի Ազատ բնակավայրում 5 տան շինարարությունն արդեն ավարտին է հասցվել․ գյուղում ևս 2 բնակարան կկառուցվի։
Ծրագիրը, որը խոստացել են վերագործարկել, արդյունավետ է, սակայն բոլորին չէ, որ գոհացնում է։ Օրինակ, Սոթքի բնակիչները Regions TV-ի հետ զրույցում ընդգծեցին, որ հաշվի չի առնվել տվյալ տարածքում հաշվառված լինելու հանգամանքը, նաև դժգոհ են սահմանված տարիքային շեմից և ընտանիքում անչափահաս երեխայի առկայության պարտադիր պայմանից։
Մանրամասները՝ տեսանյութում։
