ՀՀ-ում 100 տարին լրացած բոլոր տարեցներին կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ աջակցություն
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է 100 տարին լրացած և կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստի իրավունք ունեցող անձանց երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել, ովքեր կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։ Որոշմամբ առաջարկվում է 100 տարին լրացած անձանց վճարել միանվագ գումար՝ 1,000,000 դրամի չափով՝ արժևորելով նրանց կենսափորձը, վաստակն ու ազգային ժառանգությանը թողած ներդրումը։
Ըստ հիմնավորման՝ այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, ով ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում: Միանվագ գումարը վճարվելու է այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա կենսաթոշակի հետ՝ այդ ամսվա կենսաթոշակի վճարման համար սահմանված կարգով և եղանակով:
Միանվագ գումար չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ հետագայում ստանալու են) 1,000,000 դրամ աջակցություն: Արդյունքում՝ ավագ սերնդի 71 քաղաքացի միայն 2026 թ. պետական մակարդակով կստանա հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն:
