Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը
Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հարակից ելույթում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է առաջարկվող նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փոփոխություններին:
«Ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծը մեր հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի անցման: Շատ կարևոր եմ համարում: Խնդրում եմ կողմ քվեարկել, քանի որ սա մեզ օգնելու է, որպեսզի ստվարանան մեր շարքերը երիտասարդ պայմանագրայիններով: Մարդիկ, որոնք ունակ են դառնալու մեր բանակի միջուկն ու կորիզը»,- եզրափակիչ ելույթում ասել է նախարարը:
Փետրվարի 6-ին քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Հանձնաժողովը նաև երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նախաձեռնությամբ սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող հինգ տարբերակներից մեկը.
1. ծառայել 24 ամիս ժամկետով,
2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, կարևորելով նախագծի ընդունումը, կոչ է արել կողմ քվեարկել:
Կառավարությունը չի առարկում նախաձեռնության ընդունմանը. ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:
