Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին զույգը հաղթահարեց որակավորումը | Region

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին զույգը հաղթահարեց որակավորումը

Փետրվար 16,2026 10:09

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը գրանցել է առաջին լուրջ հաջողությունը։ Գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը։

Կարճ ծրագրում հայ գեղասահորդները ելույթ են ունեցել Արա Գևորգյանի հանրահայտ «Արցախ» ստեղծագործության երաժշտության ներքո՝ ցուցադրելով տպավորիչ սահք: Մրցավարները զույգի ելույթը գնահատել են ընդհանուր 66.27 միավոր: Ընդ որում, տեխնիկական տարրերի կատարման համար զույգը ստացել է 38.66 միավոր, իսկ ծրագրի բաղադրիչների (բարդության և արտիստիզմի) համար՝ 28.11 միավոր։

Մեկնարկին դուրս եկած 19 զույգերից պայքարը շարունակելու իրավունք էին ստանում լավագույն 16-ը: Ակոպովա-Ռախմանին զույգի գրանցած արդյունքը թույլ տվեց նրանց ընդգրկվել ուժեղագույնների ցանկում և իրավունք ստանալ մասնակցելու ազատ ծրագրին։ Վճռորոշ մրցելույթը, որտեղ կխաղարկվեն մեդալները, տեղի կունենա փետրվարի 16-ին։

Բացի գեղասահորդներից, փետրվարի 16-ը կարևոր օր է լինելու նաև Հայաստանի մյուս ներկայացուցչի՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի համար: Նա կավարտի իր ելույթները Օլիմպիական խաղերում՝ մասնակցելով ոլորավայրէջքի (սլալոմ) մրցմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանը հանդես էր եկել հսկա ոլորավայրէջքում՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը:

armsport.am

Նորություններ