Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում | Region

Պատմական նորամուտ Միլանում. Ակոպովա-Ռախմանին զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում

Փետրվար 17,2026 10:07

Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ավարտվեց գեղասահքի զույգերի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ իր պատմական ներկայացուցիչները։ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, երկու ծրագրերի արդյունքով զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը, գրանցեց կարևոր ձեռքբերում հայկական սպորտի համար՝ առաջին անգամ ներկայացնելով անկախ Հայաստանը Օլիմպիական խաղերի այս մրցաձևում։

Հայ գեղասահորդները պայքարը սկսել էին փետրվարի 15-ին՝ կարճ ծրագրով։ Ներկայանալով «Արցախ» երաժշտության ներքո՝ զույգը վաստակել էր 66.27 միավոր և 12-րդ արդյունքով հաջողությամբ որակավորվել եզրափակիչ փուլի՝ ազատ ծրագրի համար։

Միլանի Ice Skating Arena-ում կայացած ազատ ծրագրում Ակոպովան և Ռախմանինը հանդես եկան երկրորդ ենթախմբում։ Նրանց համարը բեմադրված էր հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի ստեղծագործության հնդկական մոտիվներով։ Չնայած գեղեցիկ և տպավորիչ կատարմանը, ելույթն առանց տեխնիկական վրիպումների չանցավ. Կարինա Ակոպովան անհաջողություն ունեցավ պտույտների կատարման ժամանակ։

Մրցավարական կազմը զույգի ազատ ծրագիրը գնահատեց 114.39 միավոր (տեխնիկական տարրեր՝ 59.88, բաղադրիչներ՝ 55.51), ինչը 14-րդ ցուցանիշն էր այդ փուլում։

Երկու մրցումային օրերի արդյունքում Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հավաքեց ընդհանուր 180.66 միավոր՝ ամփոփիչ աղյուսակում զբաղեցնելով 14-րդ տեղը։

Օլիմպիական ոսկին նվաճեց Ճապոնիան ներկայացնող Ռիկու Միուրա և Ռյուիչի Կիհարա զույգը՝ գրանցելով 231.24 միավոր արդյունք։ Արծաթե մեդալները բաժին հասան Վրաստանի հավաքականին, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին Գերմանիայի ներկայացուցիչները։

armsport.am

Նորություններ