Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով | Region

Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

Փետրվար 19,2026 14:50

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում՝ կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների, այդ թվում՝ պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, անկանխիկ եղանակով վճարումն ապահովելու վերաբերյալ: Ինչպես նշել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, դեկտեմբերին ընդունված  օրենքի համաձայն՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, և Կառավարության այս որոշումներով կարգավորվում է ամբողջ գործընթացը:  «Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով: Եվ քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու բավարար ժամանակ, որպեսզի քարտերն առաքենք տուն»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի՝ դեկտեմբերի սկզբին  50 հազար քաղաքացի էր կենսաթոշակ և նպաստ ստանում կանխիկ եղանակով, այսօր՝ առավոտվա դրությամբ, այդ քաղաքացիների թիվը 25,539 է:  «Ընտրությունն ավտոմատ կատարելուց հետո՝ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, մենք ապահովելու ենք քարտերի տրամադրումը սուրհանդակային ծառայության միջոցով: Առաքումից հետո թոշակը կամ նպաստը քաղաքացիները կստանան քարտով»,- ասել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ անկանխիկի անցումը դիտարկվում է նաև՝ որպես հավելյալ եկամուտի աղբյուր քաղաքացիների համար և ներկայացրել հետվճարի վիճակագրությունը.  2026 թվականի հունվարին 415,228 քաղաքացի հետվճար է ստացել, 2025 թվականի դեկտեմբերին հետվճար ստացողների թիվը եղել է 400,572-ի քաղաքացի, այսինքն՝ ևս 15 հազար քաղաքացի 2026 թվականի հունվարից սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից: «Հունվարին վճարել ենք 2,9 մլրդ դրամ հետվճար ի համեմատ դեկտեմբերի՝ 1,8 մլրդ դրամի, այսինքն՝ 1,1 մլրդ դրամով ավելի, և միջին հետվճարի չափը կազմել է մոտ 7000 դրամ: 2025-ի դեկտեմբերին հետվճարի միջին չափը 4400 էր, 2026-ի հունվարի համեմատությամբ 2600 դրամի աճ է գրանցվել, ապա հիշեցրեց՝ 2026-ից յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով հետվճարի առավելագույն գումարը 10 հազար դրամ է, իսկ դեկտեմբերին 6000 էր»,- ասել է նախարարը:

Նորություններ