«Ես իմ երկրում արդեն անվտանգ չեմ զգում»․չնայած համացանցում տարածվող տագնապին, համայնքապետը վստահեցնում է՝ Ամասիայում խուճապ չկա, համայքում հայտնված ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ էին
Արդեն երկու օր է՝ համացանցում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ ադրբեջանցի տղամարդիկ մեքենայով շրջում են Գյումրիում և Ամասիայում, խոսում ադրբեջաներեն, Ամասիայում ինչ որ տարածքներ են ցույց տալիս, խոսում հայ պարեկների հետ։ Համացանցում քաղաքացիները տագնապած հարցեր են տալիս՝ ինչպես են ադրբեջանցիները հատել սահմանը, հանգիստ շրջել։ «Հայերն այսպես հանգիստ կարո՞ղ են Ադրբեջանում շրջել, տեղում կբռնեն, կնստացնեն», «Տեղանքն են ուսումնասիրում, ոտներին տեղ են անում», «Ես իմ երկրում արդեն անվտանգ չեմ զգում»․այսպիսի մեկնաբանություններ են գրում հայ օգտատերերը։
Թեև երկրորդ օրն է, որ տեսանյութը շրջանառվում է, մարդիկ անհանգստություն են հայտնում, սակայն ուժային կառույցները, մասնավորապես ԱԱԾ-ն, ոստիկանությունն այս առնչությամբ որևէ հայտարարություն չի անում, չի էլ փորձում մարդկանց մտահոգությունները փարատել։
Հայաստանում ադրբեջանցիների հայտնվելը տագնապ է առաջացրել համացանցում, սակայն բուն Ամասիայում տագնապ կարծես թե չկա։ Համենայնդեպս այդպես է վստահեցնում համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Նա RegionsTV-ի հետ զրույցում հայտնեց, որ «համայնքում շրջողները Ադրբեջանի քաղաքացիներ չեն եղել, նրանք եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, իրենց մեքենան ևս եղել է ռուսական պետհամարանիշներով»:
Ջեմմա Հարությունյանը նշեց, որ այդ պահին տարածքում պարեկներից բացի այլ մարդիկ չեն եղել․«Ճիշտ է նրանք ադրբեջաներեն խոսել են, բայց որևէ ագրեսիվ բան չեն արել, պարզապես հրապարակում շրջել, թողել գնացել են: Պարեկները այլ բան անելու իրավասություն էլ չեն ունեցել, ուղղակի ճանապարհել են»:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՆԳՆ-ից, լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այդ դեպքի հետ կապված նախարարությունը որևէ պարզաբանում տալ չի կարող:
Ազգային անվտանգության ծառայությունից էլ պարզաբանում ստանալ չհաջողվեց, մեր զանգերին չէին պատասխանում։
Նիկոլ Մարգարյան
