Առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևը անհարմար էին զգում կողք կողքի նստելուց, բայց այժմ նրանք ընկերներ են դարձել․ Թրամփ | Region

Առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևը անհարմար էին զգում կողք կողքի նստելուց, բայց այժմ նրանք ընկերներ են դարձել․ Թրամփ

Փետրվար 19,2026 21:04

Այսօր Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» (Board of Peace) անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թրամփն իր ելույթում բարձր է գնահատել երկու երկրների առաջնորդների ջանքերը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ չնայած 32 տարվա հակամարտությանը, Փաշինյանն ու Ալիևը կարողացել են հասնել խաղաղության։

«Նրանք լավ մարդիկ են, բայց բարդ։ Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել։ Հնարավոր է՝ ես չպետք է սա ասեմ, բայց ես այդպես եմ կարծում»,-հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը դիմելով Փաշինյանին և Ալիևին, ասել է, որ նրանք սովորեցին 30 տարի կռվելուց հետո խաղաղ ապրել․«Դու և քո ընկերը հիանալի բան եք արել։ Նրանք եկան իմ գրասենյակ և ասացին՝ ես կռվել եմ 22 տարի, մյուս ջենթլմենն (նկատի ունի Փաշինյանին․ խմբ․) ասաց՝ 7 տարի ։ Ես կարծում եմ՝ նրանք ընկերացել են, այնպես չէ՞»։

Նա պատմել է, որ Սպիտակ տանն իրենց առաջին հանդիպման ժամանակ երկու երկրների առաջնորդներն անհարմար էին զգում կողք կողքի նստելուց, բայց այժմ իրավիճակը լիովին փոխվել է․«Օվալաձև աշխատասենյակում մեկը մի անկյունում էր նստած, մյուսը՝ մեկ այլ։ Ես ասացի՝ կարող եք միմյանց ավելի մոտենալ։ Մեկ ժամից մենք արեցինք գործարքը, նրանք գրկախառնվեցին, ստորագրեցին, մենք ունեցանք խաղաղություն»։

Թրամփն ընդգծել է, որ սա իր վարչակազմի կողմից լուծված 8-րդ հակամարտությունն է։ «Այս երկուսը բարի պտուղ չէին, կարծում եք՝ հե՞շտ էր»,-ասել է Թարմփը։

Ելույթի վերջում Թրամփը դիմել է Փաշինյանին և Ալիևին՝ խնդրելով նրանց սեղմել միմյանց ձեռքը, ինչն անվանել է «գեղեցիկ տեսարան»։

Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը նաև կարճատև ոչ պաշտոնական զրույց են ունեցել միջոցառման շրջանակում։

 

 

«Խաղաղության խորհուրդը» Թրամփի հիմնած նորաստեղծ միջազգային կառույց է, որի կանոնադրությունը ստորագրվել էր այս տարվա հունվարին Դավոսում։ Հայաստանն ու Ադրբեջանը առաջին երկրներից են, որոնք միացել են դրան։

 

Նորություններ