Ձմեռային օլիմպիական խաղեր․ Ադելիա Պետրոսյանի արդյունքը ազատ ծրագրից հետո
Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում շարունակվում են գեղասահքի կանանց մրցումները: Ռուսաստանը ներկայացնող 18-ամյա Ադելիա Պետրոսյանն արդեն հանդես է եկել ազատ ծրագրով՝ վաստակելով 141,64 միավոր:
Հայազգի մարզուհին սառույց է դուրս եկել 20-րդ մեկնարկային համարի ներքո: Հիշեցնենք, որ երեքշաբթի կայացած կարճ ծրագրում Պետրոսյանը վաստակել էր 72,89 միավոր: Երկու ծրագրերի հանրագումարում Ադելիան ունի 214,53 միավոր և այս պահին զբաղեցնում է միջանկյալ երկրորդ հորիզոնականը: Առաջատարն ամերիկացի Էմբեր Գլենն է (214,91 միավոր):
Ազատ ծրագրի ընթացքում Պետրոսյանը փորձեց կատարել իր ծրագրի միակ «ուլտրա-սի» տարրը՝ չորս պտույտով տուլուպը, սակայն թերպտույտի պատճառով վայր ընկավ վայրէջքի ժամանակ: Չնայած դրան՝ մարզուհին հաջողությամբ կատարեց մնացած բոլոր տարրերը, իսկ պտույտներն ու քայլերի հաջորդականությունը գնահատվեցին բարդության ամենաբարձր՝ չորրորդ մակարդակով:
Մրցանակային տեղերի համար պայքարը դեռ շարունակվում է. իրենց ելույթներին են սպասում ճապոնացի մարզուհիներ Մոնե Տիբան, Կաորի Սակամոտոն, Ամի Նակային և ամերիկացի Ալիսա Լյուն:
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի եռակի հաղթող:
Իտալիայում Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև փետրվարի 22-ը:
