Չառլզ III թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել | Region

Չառլզ III թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել

Փետրվար 20,2026 12:48

Չառլզ III թագավորի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որը ձերբակալվել էր հինգշաբթի՝ փետրվարի 19-ին՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ հետաքննության շրջանակներում, նույն երեկոյան ազատ է արձակվել ոստիկանական կալանքից: Հարցաքննությունը տևել է գրեթե 12 ժամ` հաղորդել է BBC-ն։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամը կասկածվում է պաշտոնական պարտականությունները կատարելիս իր դիրքը չարաշահելու համար։ Associated Press-ն էլ հայտնել է, որ իրավապահներն ուսումնասիրում են հաղորդագրություններն այն մասին, որ նախկին արքայազն Էնդրյուն 2010 թվականին առևտրային հաշվետվություններ է ուղարկել սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնին:

Ավելի վաղ Էնդրյուն զրկվել էր արքայազնի տիտղոսից՝ Էփշտեյնի հետ նրա սերտ կապերի մասին բացահայտումներից հետո:

Մաունթբաթեն-Վինձորը միշտ հերքել է այդ գործի հետ կապված որևէ իրավախախտում և ասել է, որ զղջում է Էփշտեյնի հետ ունեցած բարեկամության համար։

Չառլզ III-ը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» իր կրտսեր եղբոր կալանավորման լուրով, սակայն խոստացել է լիակատար աջակցություն և համագործակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին, որոնք, թագավորական ընտանիքի համոզմամբ, կանցկացնեն «լիարժեք և արդար հետաքննություն»։

Նորություններ