Ողջ Հայաստանը կարող է հպարտանալ այս տղաներով․ Սանդրո Պերկովիչ | Region

Ողջ Հայաստանը կարող է հպարտանալ այս տղաներով․ Սանդրո Պերկովիչ

Փետրվար 20,2026 15:54

Հայաստանի չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ տարած պատմական հաղթանակից (1:0) հետո կիսվել է տպավորություններով։

«Շնորհավորում եմ իմ բոլոր խաղացողներին՝ և՛ մեկնարկային կազմի, և՛ պահեստայիններին։ Շատ շնորհակալ եմ նաև երկրպագուներին. մարզադաշտում մթնոլորտը պարզապես հիանալի էր։ Նախօրեին ես նշել էի, որ ֆուտբոլում չեմ կարող միշտ հաղթանակ խոստանալ, բայց վստահեցրել էի, որ մարզադաշտ եկողներն անպայման կհպարտանան այս թիմով։ Կարծում եմ՝ այսօր ոչ միայն ստադիոնում ներկա գտնվողները, այլև ողջ Հայաստանը կարող է հպարտանալ տղաներով։

Խաղն ամբողջությամբ շատ բարդ ստացվեց մեզ համար։ Այնուամենայնիվ, մենք հնարավորինս լավ էինք նախապատրաստվել և հավատում էինք մեր ուժերին. գիտեինք մրցակցի ուժեղ կողմերը և հասկանում էինք՝ ինչպես կարող ենք վտանգավոր լինել նրանց համար։ Առաջին խաղակեսում մեկ-երկու լավ հնարավորություն ունեցանք, բայց, ցավոք, գոլ չխփեցինք։

Երկրորդ խաղակեսում Հովհաննես Համբարձումյանը հրաշալի գոլ հեղինակեց։ Նա իսկապես արժանի էր դառնալու առաջին հայ ֆուտբոլիստը, որը փետրվար ամսին եվրագավաթային խաղում գոլ է խփում այստեղ՝ «Հանրապետական» մարզադաշտում։ Նա արժանի էր դրան իր ողջ կարիերայի և կատարած աշխատանքի համար, ինչի կապակցությամբ շատ ուրախ եմ։

Մենք գիտեինք, որ հանդիպման որոշակի հատվածներում բարդություններ ենք ունենալու, և պատրաստ էինք դրան։ Ինձ ամենաշատն ուրախացրեց այն, որ իմ ֆուտբոլիստները նույնիսկ դժվարությունների պահին, կողք կողքի պայքարելով հանդերձ, հաճույք էին ստանում խաղից։ Արդյունքում հասանք այս կարևորագույն հաղթանակին։

Պատասխան հանդիպմանը մենք կմոտենանք այն մտայնությամբ, ասես հաշիվը 0:0 է: Կփորձենք կրկին լավագույնս օգտագործել մեր հնարավորությունները»,- նշել է խորվաթ մասնագետը։

Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Նիդերլանդներում՝ Ալկմար քաղաքում, փետրվարի 26-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով կեսգիշերին։

armsport.am

Նորություններ