Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. Զոհրաբյան
Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալուց․ այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վեհափառի դեմ հարուցված քրեական վարույթին։
Ըստ փաստաբանի՝ այդ քրեական վարույթը, իրենց գնահատմամբ, նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը և, ըստ էության, հենց այդ նպատակին էլ ծառայեց։
Զոհրաբյանը ընդգծեց, որ դա խայտառակ գործողություն էր. «Բացակայության արգելքը կիրառվում է այն ժամանակ, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ անձը կարող է փախուստի դիմել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ միջին ծանրության հանցագործություն են վերագրում Վեհափառ Հայրապետին, և քննիչը գտնում է, որ նա կարող է փախուստի դիմել։ Սա ուղղակի, ցավոք, մեր երկրի ամոթալի էջերից մեկն է, որը սերունդները թերթելու են և նույն զզվանքով այս օրերի իրադարձությունները կարդալու»։
Փաստաբանը նշեց, որ մյուս վեց բարձրաստիճան հոգևորականներն էլ նույն կարգավիճակում են, ինչ Վեհափառը։ «Բոլորն էլ մեղադրվում են, իբրև թե, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, բայց մենք լավ գիտենք, որ այդ դատական ակտով ներխուժել են եկեղեցական կյանք»,– ասաց նա։
