«Գյումրին իմ տունն է»․ ինչպե՞ս System of a Down-ը իտալուհուն հասցրեց Հայաստան
29-ամյա իտալուհի Մարիկա Մուրջիոնին Գյումրի է ժամանել 2 տարի առաջ։ Իտալիայի Աբրուցո մարզի Վաստո կոմունայից է։ Մարիկան պատանեկության տարիներից սկսել է հետաքրքրվել Հայաստանով և հայերենով։ Regions TV-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ ոգեշնչվել է System of the Down ռոք խմբից, որի անդամները հայեր են, և հիմա էլ իր ամենասիրելի երաժշտական խումբն է։
Մասնագիտությամբ մարդաբան է, ապրում, աշխատում է Գյումրիում, հետազոտություններ անում։ Մարիկա Մուրջիոնին շատ է սիրում Գյումրին, ասում է՝ ամենաշատը իրեն հրապուրել են պատմական ճարտարապետական շինությունները։
Նա Հայաստանի 2-րդ քաղաքը համարում է իր տունը, ասում է՝ այստեղ ևս, ինչպես Իտալիայում, գնահատում են ընտանեկան արժեքները և ավանդույթները։ Ընտրել է Գյումրին, քանի որ հիշեցնում է իր հարազատ Վաստո քաղաքը, իր տունը։ Ասում է՝ գյումրեցիներին շատ է սիրում, նրանք բարի են ու ժպտերես։
Մարիկան սիրում է Գյումրիի խոհանոցը, հատկապես պանրխաշը, նաև հայկական խաշն ու խորովածը։ Հիշում է՝ երբ եկել էր Հայաստան և առաջին անգամ խանութ մտել, մրգերն ու բանջարեղենը հատով է վերցրել և ամեն մեկը դրել առանձին տոպրակի մեջ։ Դա զարմացրել է վաճառողին, և հենց այդ ժամանակ էլ նա իմացել է, որ Հայաստանում մարդիկ մրգերը և բանջարեղենը գնում են շատ, չեն մասնատում, իսկ Իտալիայում ինքը կարող էր մրգի կեսը գնել, և դա այնտեղ բոլորի համար նորմալ է։
Մանրամասները՝ առանց մեկնաբանության։
