Այսօր Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 18-րդ տարին է | Region

Այսօր Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 18-րդ տարին է

Մարտ 01,2026 11:53

Այսօր Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 18-րդ տարին է։

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տևական ժամանակ բողոքի ցույց իրականացնող ընդդիմադիրները  ոստիկանության կողմից ենթարկվեցին դաժան հարձակման։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները  Ազատության հրապարակում բողոքի ցույցեր էին անում, հիմնել էին շուրջօրյա ճամբար՝ պահանջում էին չեղարկել նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքները, քանի որ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցան բախումներ, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան հարյուրավոր քաղաքացիներ։ Իշխանությունը 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատեց արտակարգ դրություն, հայտարարելով, թե դա «անկարգությունները կանխելու նպատակով է»։

Նիկոլ Փաշինյանը դեռ ութ տարի առաջ հայտարարել է, թե «Մարտի 1-ի» գործն ամբողջ ծավալով բացահայտված է», սակայն 10 զոհերից  որևէ մեկի  սպանությունը մինչ օրս բացահայտված չէ։

2018 թվականին Մարտի 1-ի գործովմեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքները վերաբերում էին նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելուն, իշխանությունը բռնի զավթելուն։ Մարտի 1-ի գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ նախկին պաշտոնյաների` նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Դավթյանին։

Ռոբերտ Քոչարյանն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները չորս տարի առաջ այս  գործով արդարացվեցին։ Այդուհանդերձ,  մեկ տարի առաջ գործը կրկին վերաբացվեց, Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:

Օրերս Մարտի 1-ի գործով նոր կալանավորումներ եղան․ կալանավորվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը,  մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Անցած տարի ՄԻԵԴ վճռով արձանագրվեց, որ Մարտի 1-ի զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին:

 

Նորություններ