«Իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, թե անտարբեր չէ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է ՀՀ-ի սահմաններից դուրս»․ Գալյան | Region

«Իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, թե անտարբեր չէ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է ՀՀ-ի սահմաններից դուրս»․ Գալյան

Մարտ 02,2026 15:01

«Կներեք իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, թե անտարբեր չէ կապված այն ամենի հետ, ինչ կատարվում է ՀՀ-ի սահմաններից դուրս։ Ի՞նչն է խանգարում դա անել, եթե այս պահին անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ մեր հարևան երկրում՝ Իրանում պատերազմ է, իսկ իշխանությունը այս օրերին մարզային անհոգ այցելություններ, ներքաղաքական քարոզարշավ է իրականացվում։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ վերջին 2 օրերին մեր քթի տակ պատերազմ է, իսկ հայ հանրությունը միայն տեսնում է, որ վարչապետը կուկուռուզ ու պերաշկի է ուտում, նախարարը խպաստախանեց․«Եթե դուք կուկուռուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն  է»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն նախօրեին մարզային այցելությունից տեսանյութ էր հարապարկել, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու մյուս կուսակցականներն ավտոբուսի մեջ «պերաշկի» ու «կուկուռուզ» ուտում»։

Արդյոք այս ներքաղաքկան քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն նկատում է, որ հանրային աջակցության վարկանիշի նվազում կա, ինչպես պնդում են ընդդիմադիրները, Գալյանը պատասխանեց. «Նախ ներկուսակցական կամ ներքին քարոզարշավի մասին է խոսքը և ոչ թե նախընտրական քարոզարշավի, բայց լավ առիթ է նաև քաղաքացիների հետ շփվելու։ Ինձ մոտ այդ շփումներից և ձեզ հետ շփումներից դիսոնանս է առաջանում, որովհետև ձեր հարցերը լսելով ես ինչ-որ ապոկալիպտիկ տրամադրություններ եմ սկսում ունենալ՝ մտածելով, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է։ Բայց ամեն ինչ վատ չէ այն դեպքում, երբ մենք շփվում ենք հանրության ներկայացուցիչների հետ»։

«Ես անվտանգության խորհրդի անդամ չեմ, չգիտեմ, թե ինչ է քննարկվել անվտանգության խորհրդում, գիտեմ միայն, որ անվտանգության խորհրդի նիստ հրավիրվել է նաև այդ իրադարձությունների նախորդող օրը, հաջորդող օրը և արդունքում ունեցել ենք այն հայտարարությունը, որն ունեցել ենք։ Ես վսահ եմ, որ մեր կառավարության, այդ թվում նաև ինձ համար ցավալի է, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում։ Բայց այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ ոլորտի պատասխանատուն չեմ։ Իրանը շարունակում է մնալ բարեկամ պետություն, մենք շարունակում ենք մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում»,-ասաց նախարարը, հավելելով, որ վաղը նախատեսված է հանդիպում ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ։

Հարցին՝ արդյոք կենսաթոշակների բարձրացումը կամ իշխանամերձ հիմնադրամների բարեգործությունն ԱԺ ընտրություններից երեք ամիս առաջ չի՞ կարող ընկալվել որպես նախընտրական կաշառք կամ շահագրգռում, Գալյանը պատասխանեց․«Շատ հստակ է, կարող եք բացել և միջազգային չափանիշներին ծանոթանա։ Նախ՝ սոցիալական երաշխիքների ապահովումը կամ բարձրացումը նախատեսված է եղել կառավարության ծրագրում։ Երկրորդ՝ պետական ռեսուրսների օգտագործմամբ սոցիալական խնդիրների լուծումը որևէ դեպքում բարեգործություն որակվել չի կարող։ Բարեգործության մասին մենք օրենք ունենք, որտեղ դա սահմանվում է որպես մասնավոր, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող գործունեություն և պետական ֆոնդերի կամ միջոցների ծախսը չի կարող դիտարկվել որպես բարեգործություն։ Միաժամանակ, մենք ունենք պետական ռեսուրսների չարաշահման արգելք, որի համար կա նախատեսված վարչակական պատասխանատվություն, բայց սա ձեր բարձրացրած հարցին բացարձակապես վերաբերելի չէ։ Վարչական չարաշահման արգելք մենք ունենք նախընտրական քարոզարշավի շրջանում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի իրենց քարոզարշավի նթացքում չօգտագործեն պետական միջոցներ, պետական գույք և այլն։ Ես այն կարծիքին չեմ, որ բարեգործական ընկերությունները նախորոք ունեցել են հաստատված ծրագրեր հաջորդ տարիների համար, երբեմն այդ ծրագրերը հաստատվել են հենց կառավարության կողմից և այդ ծրագրերի շարունակական իրականացումը կարող է հանդիսանալ բարեգործության արգելքի խախտում բայց այդ ծրագրերում ֆինանսական միջոցների ծավալի ավելացումը, շահառուների շրջանակի ընդլայնումը  ընտրություններից հենց առաջ նախորդող իրադրությունում կարող է գնահատվել որպես խնդիր»։

Տիրուն Մարգարյան

Նորություններ