Արամ Ա. Կաթողիկոսը մոտիկից հետևում է Միջին Արևելքի հայ համայնքների ներկա վիճակին | Region

Արամ Ա. Կաթողիկոսը մոտիկից հետևում է Միջին Արևելքի հայ համայնքների ներկա վիճակին

Մարտ 03,2026 20:01

Վերջին օրերին, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ շղթայազերծված պատերազմը փաստորեն ներառել է ամբողջ Միջին Արեւելքը: Պատերազմը տարածաշրջանում առաջացրել է մահեր, քանդում, խուճապ, անորոշություն եւ սոցիալական տագնապ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Բնականաբար, միջին արեւելյան երկրներում հաստատված հայ համայնքները եւս, առավել կամ նվազ չափով, ենթակա են դարձել  պատերազմի ստեղծած հետեւանքներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր մտահոգությամբ հետեւում է ստեղծված վտանգալից կացությեան զարգացումներին եւ մնայուն կապի մեջ է շրջանի երկրների հայ համայնքների հետ։ Ցարդ Իրանի մեր թեմերի հետ հնարավոր չէ որեւէ ձեւով կապ հաստատել՝ նկատի ունենալով հաղորդակցության միջոցների ընդհատումը:

Հանուն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Վեհափառ Հայրապետը իր խոր ցացակցությունն է հայտնում բոլոր զոհերի համար, եւ շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին: Միաժամանակ Հայրապետը կոչ է անում դադարեցնել պատերազմական գործողությունները բոլոր շրջաններում, եւ քաղաքական բանակցությունների ճանապարհով կարելի լինի հարցերին արդար լուծում գտնել:

Նորին Սրբությունը կոչ է անում մեր թեմերի պատասխանատուներին՝ առավելագույն չափով հեռու պահել մեր գաղութները անապահով կացություններից եւ օգտակար դառնալ համայնքային կարիքներին, միշտ կապի մեջ լինելով Անթիլիասի Մայրավանքին հետ: Ինչպես միշտ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, պատրաստ է իր առավելագույնը կատարելու՝ աջակցելու թեմերի աշխատանքներին եւ օժանդակելու նրանց կարիքներին:

Նշենք, որ այսօր երեկոյան, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ պիտի գումարվի Ազգային Կենտրոնական Վարչության արտակարգ նիստ։

Նորություններ