Նույն խախտման համար ՌԴ քաղաքացին ընդամենը կտուգանվի, իսկ աշխատանքային միգրանտը՝ կարտաքսվի․ մարտի 1-ից ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վերաբերյալ նոր կագավորումներ են գործում
ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վերաբերյալ օրենսդրական նոր փոփոխություններ են կատարվել։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց, որ այս նոր փոփոխությունները 2025 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած արտաքսման ռեժիմի և վերահսկվող անձանց ռեեստրի վերաբերյալ փոփոխությունների ուղիղ շարունակությունն են։ 2025-ի փետրվարի 5-ից ՌԴ-ում ներդրվել է վերահսկվող անձանց ռեեստր, սա նշանակում է, որ եթե անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում, նրա բանկային հաշիվները սառեցվում են, եւ որևէ պետական գերատեսչություն նրան ծառայություն չի մատուցի։
Մարտի 1-ից սկսած՝ մյուս գերատեսչություններին միացել է նաեւ ՌԴ հարկային գերատեսչությունը, և ինչպես ասաց Բեժանյանը, փոփոխվել է նաև հարկային ծառայությունների տեղեկանքի ձևը. այն այլևս թղթային տարբերակով չի տրվելու, այլ՝ էլեկտրոնային քաղվածքով:
Ըստ նրա՝ եթե աշխատանքային միգրանտը չվճարի հարկերը, կամ նման մի բան հայտնաբերվի, դա կարող է հիմք լինել, որպեսզի անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում:
Նա աշխատանքային միգրանտների ուշադրությունը հրավիրեց մեկ այլ կարևոր հանգամանքի վրա, որը կարող է էական նշանակություն ունենալ վերահսկվող անձանց ռեեստրում նրանց հայտնվելու հետ՝ դա աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափն է.«Շատ հաճախ գործատուն և պայմանագիր կնքող ֆիզիկական անձը հարկերից խուսափելու համար համաձայնության են գալիս, որպեսզի պայմանագրում նշվի այլ աշխատավարձ, իսկ նա ստանա այլ գումար: Հետո, երբ նա իր աշխատավարձի չափ, կամ ավելի գումար փորձում է ուղարկել Հայաստան, այս դեպքում տվյալները միանգամից փոխանցվում են միգրացիոն ծառայություն: Անձը պետք է հիմնավորի, թե որտեղից իրեն այդ գումարը, այլապես կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում, և հնարավոր է արտաքսվի: Նույն խնդիրը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ ամբողջ բրիգադի գումարը մեկ ձեռքից փոխանցվի աշխատողների ընտանիքներին: Կստացվի, որ անձը իր ունեցած աշխատավարձից բազմակի անգամ մեծ գումար է փոխանցում, ինչը հետագայում ևս պետք է բացատրի»:
Անդրադառնալով մեկ այլ փոփոխությանը, Բեժանյանն ասաց, որ մարտի 1-ից ՌԴ մարզերին ևս տրվել է հնարավորություն, որոշելու, թե որ աշխատանքի համար, որքան օտարերկրացի կարող է ներգրավվել: Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ այդ պահին ավելի շատ օտարերկրացիներ կան, գործատուն պետք է աշխատանքից հեռացնի, ու լրացնի այդ թափուր տեղերը ՌԴ քաղաքացիների միջոցով․«Թե ո՞րքանով աշխատանքային քվոտայի սահմանափակումը կազդի միգրացիոն հոսքերի վրա, կարծում եմ կտեսնենք փոքր ինչ ավելի ուշ, քանի որ վերջերս քննարկվում էր, թե հնարավոր է այս փոփոխությունը չանդրադառնա ԵԱՏՄ քաղաքացիների վրա: Հակառակ պարագայում ազդեցությունը անպայման նկատելի կլինի»:
Նա առանձնացրեց նաև մեկ դրական փոփոխություն, որից աշխատանքային միգրանտները կկարողանան օգտվել. «Եթե Մոսկայում, կամ այլ վայրում գտնվող միգրանտը իրապես բնակվում է տվյալ հասցեում, ապա բնակարանի տերը պարտավոր է նրան հաշվառել: Եթե ոչ, ապա բնակարանատիրոջ համար նախատեսված է տուգանք՝ հինգ հազար ռուբլու չափով: Եթե այդ անձը իրավաբանական կամ պաշտոնական անձ է, ապա գումարի չափը ավելանում է՝ դառնալով մինչև 500000 ռուբլի: Այս դեպքում միգրանտները կարող են օգտվել օրենքի տված հնարավորությունից, իրենց շահերը պաշտպանելու համար»:
Փորձագետի փոխանցմամբ՝ մինչև այժմ ՌԴ-ում բուժզննման տեղեկանք չունենալու կամ ուշացնելու համար որևէ տուգանք նախատեսված չէր, հիմա արդեն նախատեսվում է, սկզբում տուգանել, իսկ որոշակի ժամանակում այն չունենալու դեպքում կսահմանվի մուտքի արգելք․ «Միգրանտները սկզբում կհայտնվեն վերահսկվող անձանց ռեեստրում, հետո կարծում եմ, կսահմանվի որևէ գումարի չափ, որը վճարելու դեպքում գուցե կտան բուժզննում անցնելու հնարավորություն: Այս դեպքում խուսափելու համար միանշանակ անձը կարտաքսվի»:
Անդրադառնալով վիճակագրությանը, Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ վերահսկվող անձանց ռեեստրում ամենաշատը հայտնվում են հետևյալ պատճառներով՝ ՌԴ մեկնելուց հետո 30-օրյա ժամկետում կամ չեն կանգնում միգրացիոն հաշվառման, կամ գրանցված են մի հասցեում, բայց փաստացի բնակվում են այլ վայրում, կամ էլ ժամկետի ավարտից հետո փաստաթղթերը չեն թարմացնում:
«Ցավոք, դեռևս կա այնպիսի տպավորություն, որ կարելի է բոլոր հարցերը լուծել ոչ օրինական ճանապարհով: Առավել ևս, որ բոլոր հարթակները թվայնացվել են ու մարդկային գործոնը հիմա քիչ ազդեցութոյն ունի, այս տարբերակը չի աշխատում: Միշտ հիշեք, եթե ՌԴ քաղաքացին անում է նույն խախումն, ինչ դուք, նա կարող է ընդամենը տուգանքով ազատվել, իսկ ձեզ կսպառնա արտաքսումը: Այնպես որ, պետք է շատ զգույշ լինել, ու հետևել ՌԴ օրենսդրությանը»:
Նիկոլ Մարգարյան
