Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ | Region

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ

Մարտ 05,2026 12:25

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու չափորոշիչների՝ հիմք ընդունելով հանձնաժողովի դրական եզրակացությունները՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ։

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ. Մաշտոցի պող․ 10 հասցեի բնակելի շենքը (1956 թ.), Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոց 3 հասցեի հարթաքանդակը (20-րդ դ.), Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթողը (20-րդ դ.), Սյունիքի մարզի Լիճք գյուղի երկու կամուրջները (17-րդ դ.) և Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Հայրենիք» hուշակոթողը (1984 թ.):

Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի Ժայռապատկերների համալիրը (մ.թ.ա. 2-1-ին հազ.) և Դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-1-ին հազ.), Տավուշի մարզի Ենոքավան գյուղի «Ենոքավան-1» (մեզոլիթ-նեոլիթ, վաղ և ուշ բրոնզի դարեր, երկաթի դար, միջին դարեր) և «Ենոքավան-2 (նախակերամիկական նեոլիթ, վաղ բրոնզի դար, ուշ բրոնզի դար, զարգացած երկաթի դար, միջին դարեր) քարայր-կացարանները ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանոցի (13-20-րդ դդ., պետցուցիչ՝ 2․1․13), Սբ. Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցու (7-րդ դ․, պետցուցիչ՝ 2․1․15), Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի շենքի (1948 թ․, պետցուցիչ՝ 2.1.31), Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի «Ձոր» գյուղատեղի («Մանուշակաձոր») (10-17-րդ դդ., պետցուցիչ՝ 4.82.5), Լոռու մարզի Աթան գյուղի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուրի (1961 թ., պետցուցիչ՝ 5.11.7), Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողի (1965 թ., պետցուցիչ՝ 5.11.8), Կոտայքի մարզի Գառնի գյուղի Սբ Աստվածածին (Մաշտոց Հայրապետ) եկեղեցու (12-13-րդ դդ., պետցուցիչ՝ 6.21.14), Սյունիքի մարզի Ալվանք գյուղի Աղավնաձոր գյուղատեղի (16-19-րդ դդ., պետցուցիչ՝ 8.9.2) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Նորություններ