«Ես իմ երկիրը երբեք չեմ լքի»․ հեռավոր գյուղի ծանր առօրյայով ապրող տիկին Սիրանուշի մտորումները | Region

«Ես իմ երկիրը երբեք չեմ լքի»․ հեռավոր գյուղի ծանր առօրյայով ապրող տիկին Սիրանուշի մտորումները

Մարտ 07,2026 17:00

Հայաստանի հեռավոր գյուղերում անասնապահությունը շարունակում է մնալ բնակիչների հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը։ Սակայն վերջիններս այնպիսի խնդիրների առաջ են կանգնում, որ անասնապահությունը դառնում է ոչ թե եկամտաբեր զբաղմունք, այլ պարզապես գոյատևման միջոց։

Հեռավոր գյուղերում հաճախ դժվար է հասնել արոտավայրերին։ Գյուղացիները նշում են՝ճանապարհները վատ վիճակում են, իսկ որոշ տեղերում նույնիսկ բացակայում են, անասուններին հեռու տարածքներ հասցնելը ժամանակատար է, նաև նախիրն արոտավայր տանող հովիվ չեն կարողանում գտնել։

Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի բնակիչ Սիրանուշ Նազլուխանյանը Regions TV-ի հետ զրույցում թվարկում է մյուս կարևոր խնդիրները, որոնք մտահոգում են բնակիչներին։  Նշում է՝ կաթի մթերման գինը ցածր է, սպանդանոցն այնքան հեռու է, որ տեղափոխման համար զգալի ծախս է պահանջվում։

Տիկին Սիրանուշն ընդգծում է, որ իր ընտանիքը կարողանում է գործը մի կերպ «գլուխ բերել», ամուսնու և որդու հետ աշխատում են օրնիբուն։ Սակայն, ընդհանուր առմամբ, գյուղացու համար շատ բարդ է, հաճախ անասնապահությունից ստացվող եկամուտը չի ծածկում ծախսերը։

Արդյունքում գյուղացիները ստիպված են լինում նվազեցնել կենդանիների քանակը կամ ամբողջությամբ հրաժարվել անասնապահությունից։ Նշում է՝ դա ծանր ֆիզիկական աշխատանք է, և երիտասարդները հաճախ չեն ցանկանում շարունակել հայրերի ու պապերի գործը, այնպես որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ