Իրանի դիմակայունությունը և «հյուծող պատերազմի» հեռանկարը.Մովսես Քեշիշյանի վերլուծությունը
«Իսրայելում բացահայտորեն ցանկանում են Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողություններ սկսել քրդերի և ադրբեջանական տարածքի միջոցով։ Թեև Վաշինգտոնի և Թել Ավիվի կոալիցիան անհամեմատելի առավելություն ունի օդային և ծովային ուժերի առումով, չեմ կարծում, թե նրանք պատրաստ են ռիսկի դիմել և գնալ ցամաքային հարձակման, որը պատերազմի դեպքում կլինի բնական հաջորդ փուլը։ Հենց այդ պահին էլ հստակորեն ի հայտ կգան իրանական կողմի դիմադրության հնարավորությունների սահմանները։ Իսրայելը, անկասկած, կցանկանա հնարավորություններ ստեղծել և զինել որոշակի շրջանակների, սակայն չեմ կարծում, թե քրդերը կներքաշվեն նման վտանգավոր խաղի մեջ։ Բայց արդյո՞ք Ադրբեջանի բռնապետ Ալիևը պատրաստ կլինի միջամտել այդ խաղին»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասում է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Նա նշում է, որ Բաքվի իշխանությունները հազիվ թե իրենց թույլ տան նման արկածախնդրության դիմել, սակայն եթե Իսրայելից որոշակի խոստումներ ստանան, Ադրբեջանը կհայտնվի թակարդում։ Ըստ Քեշիշյանի՝ «ի վերջո, Նեթանյահուն իսրայելցի զինվորներին չի ուղարկի Իրանի դեմ կռվելու և կփորձի ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել։ Մանավանդ, որ Բաքվում մշտապես քարոզվում է այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» գաղափարը։ Առաջիկա օրերը ցույց կտան, թե որքանով է Ադրբեջանին պետք այս պատերազմը և արդյոք Բաքուն կգնա նման ավանտյուրայի։ Մեզ մնում է սպասել և տեսնել, բայց, այնուամենայնիվ, Ալիևի հոխորտանքները, հավանաբար, կմնան լոկ հոխորտանքների շրջանակում»։
Մովսես Քեշիշյանը նկատում է, որ այս պատերազմում քարոզչական արշավը ոչ պակաս կարևոր է, քան ռազմական գործողությունները․ «Պատերազմից առաջ ամերիկա-իսրայելական կոալիցիան պնդում էր, թե կկարողանա հասնել իր նպատակին ընդամենը մի քանի օրում, սակայն վերագնահատելով իրավիճակը՝ հասկացավ, որ դա անհնար է։ Իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, թե կարճ ժամանակում կհաղթի Իրանին և Թեհրանին կթելադրի իր պայմանները։ Սակայն կարծում եմ՝ այս պնդումը նույնպես հազիվ թե իրականություն դառնա․ Իրանը կձգձգի պատերազմը՝ այն վերածելով «հյուծող պատերազմի» և առավելագույնս թանկացնելով այն ագրեսորների համար»։
«Արաքս» թերթի գլխավոր խմբագիրը հիմնավորված է համարում այն տեսակետը, որ տևական առճակատումը, որքան էլ արյունալի թվա, կարող է Թեհրանի համար յուրօրինակ դադար ծառայել։ Նրա խոսքով՝ Թեհրանի համար պատերազմի ձգձգումը կարող է որոշ իմաստով փրկություն դառնալ, բայց ամերիկա-իսրայելական կոալիցիայի համար դա կլինի թանկ և ցավոտ որոշում․« Իրանի բազմադարյա պատմությունը, նրա կայացած պետական համակարգը և քաղաքակրթությունը հզորագույն գործոններ են, որոնք երաշխավորում են դիմակայունությունը նույնիսկ լուրջ փորձությունների առջև։ Հետևաբար, Իրանը գործող համակարգ ունեցող երկիր է։ Գերագույն առաջնորդի մահը չի կարող կործանել երկիրը, ինչպես դա պատահեց Սիրիայի, Լիբիայի և Իրաքի դեպքում»։
Քեշիշյանն ընդգծում է՝ Իրանը մեծ երկիր է, և հնարավոր չէ մեկ շաբաթում կործանել այն, հալածել ու տեղահանել նրա բնակիչներին․« Չնայած ռմբակոծություններն ու հրթիռակոծությունները շարունակվում են, կյանքն ընթանում է իր հունով, և ոչ ոք, այդ թվում՝ հայերը, չեն պատրաստվում համատարած լքել Իրանը։ Իրանի բնակչության շրջանում խուճապ չկա։ Բնական է, որ պատերազմական պայմաններում մարդկանց տեղաշարժ լինում է, բայց դա չի նշանակում, թե նրանք, ովքեր անվտանգության նկատառումներով լքել են Իրանի խոշոր քաղաքները, մի քանի օրից չեն վերադառնա»։
Քեշիշյանն ասում է՝ ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում, բայց երբ պատերազմը պարտադրվում է, այլ ելք չի մնում, քան դիմադրելն ու հակառակորդին հետ մղելը։ «Այսօր Իրանում կարելի է տեսնել Մերձավոր Արևելքի համար եզակի մի երևույթ. երկրի բնակչության մեծամասնությունը բացահայտորեն աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Երբ խոսքը երկրի պաշտպանության մասին է, տարբեր կրոնների և համայնքների ներկայացուցիչները հանդես են գալիս միասնական ճակատով։ Մուսուլմանները, քրիստոնյաներն ու այլ կրոնական համայնքների ներկայացուցիչները համերաշխություն են ցուցաբերում և հայտարարում, որ այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է պահպանել հասարակության միասնությունը՝ հաղթելու համար։ Իրանի հայ համայնքը, որպես իրանական մեծ հասարակության մի մաս, մտահոգությամբ է հետևում շարունակվող պատերազմին և ցանկանում է, որ Իրանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի, ու կյանքը վերադառնա բնականոն հուն»,-ասում է «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Զաբելա Ավագյան
